Մատչելիության հղումներ

Ի՞նչ են մտածում քաղաքացիները հայ-թուրքական հարաբերությունների մասին


86-ամյա Մերուժան Արշակյանը ոչ միայն կարևոր, այլև անհրաժեշտ է համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, մեկնարկած գործընթացն էլ՝ դեռ մի բան էլ ուշացած։

«Ճիշտ են վարվում ղեկավարները, մեր վարչապետը ճիշտ է, կարծում եմ, որ էդպես պետք է լինի», - նշեց Արշակյանը:

Սակայն ոչ բոլորն են այդպես կարծում ու դեմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

«Թուրքի հետ ի՞նչ հարաբերություն, թուրքը թուրք ա մնում: Ես կտրականապես դեմ եմ, էդ Նիկոլի վարկածն ա», - ասաց քաղաքացիներից մեկը:

Հարցմանը մասնակից քաղաքացիների մի մասը դեմ չէ, բայց թերահավատ է, չեն պատկերացնում՝ ինչպե՞ս է հնարավոր բարեկամական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, որն Ադրբեջանի դաշնակիցն է, աջակցել է Բաքվին 44-օրյա պատերազմի ընթացքում է և ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը։

«Կուզենամ, որ սահման բացվի, ժողովուրդը գնան-գան, բայց դրանց հետ խաղաղություն դժվար թե լինի», - ասաց մեկ այլ քաղաքացի:

Ոմանք լսել էին, որ երեկ Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահն առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել, խոսել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորության մասին։ Առանց միջնորդների հարաբերությունների կարգավորումն որոշ քաղաքացիների համար նույնքան կարևոր է, որքան Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը։

«Այո, ես գտնում եմ, որ դա շատ կարևոր է ու ես գտնում եմ, որ նաև առանց միջնորդների է շատ կարևոր, որ մենք սկսենք երկխոսություն: Սա, իհարկե, չի նշանակում, որ վերջ, ամեն ինչ կկարգավորվի», - նշեց հարցվածներից մեկը:

Մեր հարցման ընթացքում որոշ քաղաքացիներ էլ դեռ հստակ պատասխան չունեին:

Կարգավորման նախկին՝ տապալված գործընթացները հաշվի առնելով էլ՝ ոմանք վստահ են՝ հերթականը նույն արդյունքն է ունենալու, ինչ նախորդները։




XS
SM
MD
LG