Այսօր տարբերվում են ցեղասպանություններ գործելու մեթոդներն ու ձևերը, սակայն ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել զանգվածային ոճրագործությունների միջոցով աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը, ասված է Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում։
Ընդգծելով, որ 2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է՝ Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020 թվականին առաջադրված և կոնսենսուսով ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևում հստակ նշվում է, որ ցեղասպանության արդարացումը, անցյալի հանցագործությունների կանխակալ գնահատումն ու ժխտումը մեծացնում են բռնության կրկնության վտանգը:
Արտգործնախարարությունը հիշեցնում է, որ կոնվենցիայի մշակման համար կարևոր օրինակ է ծառայել Հայոց ցեղասպանությունը։
Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր է պատմական հիշողությունը, կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը, դատապարտելի՝ մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման դեպքերը, քանի որ հենց մշակութային ժառանգությունն է հնարավորություն ստեղծում պահպանել ազգային կամ կրոնական ինքնությունը, ասված է հայտարարությունում։
Արտգործնախարարությունն անթույլատրելի է համարում ազգային, էթնիկ, կրոնական կամ ռասայական խմբերի նկատմամբ գերակայության դրսևորումները կամ վերջիններիս նկատմամբ ուժի կիրառման արդարացումները՝ շեշտելով՝ հետևողականորեն կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների, դրանց անպատժելիության վտանգների և նոր մարտահրավերների մասին: