Մատչելիության հղումներ

Բայդենը 1915 թվականի իրադարձությունները կրկին ցեղասպանություն է անվանել


Սպիտակ տան կայքում քիչ առաջ հրապարակվել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի՝1915 թվականի իրադարձություններին նվիրված ուղերձը։

Այս անգամ և՛ս Բայդենը 108 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը ցեղասպանություն է որակել՝ նշելով, որ 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հետևանքով մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին կամ սպանվեցին։

«Աշխարհի տարբեր երկրների հետ միասին հիշատակի տուրք մատուցելով այս ցավալի պատմությանը, մենք նաև ընդգծում ենք այն տոկունությունն ու վճռականությունը, որ ցուցաբերել է հայ ժողովուրդը։ Վերապրածներից շատերը ստիպված էին նոր կյանք սկսել այլ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Թե՛ այստեղ, թե՛ ողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսն է հակադրել ատելությանը», - հայտարարել է Բայդենը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածներն ու նրանց սերունդները մշտապես անդրադարձել են այս իրադարձություններին, որպեսզի թույլ չտան դրանց կրկնությունը։

«Եկեք մեկ անգամ ևս խոստանանք, որ կպայքարենք ատելության դեմ՝ հանուն մարդու իրավունքների և վայրագությունների կանխման», - նշել է Բայդենը։

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները, ինչպես նաև նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել են մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:

XS
SM
MD
LG