Մատչելիության հղումներ

Պետք է հասկանալ՝ ինչն է եղել 15 զինծառայողի մահվան բուն պատճառը. փաստաբան


Ազատ գյուղի տանը 15 զինծառայողների ողբերգական մահից ավելի քան 20 օր անց դեռ չեն ստացվել դիակների դատաբժշկական փորձաքննությունները։ Փաստաբան Նորայր Նորիկյանի համոզմամբ՝ այդ փորձաքննությունների արդյունքում հնարավոր կլինի հասկանալ տղաների մահվան պատճառը։

«Դիակների դատաբժշկական փորձաքննությունը ստանալուց հետո պետք է հասկանալ, թե կոնկրետ յուրաքանչյուր զոհված երեխայի մարմնի որ հատվածն է այրվել, ինչն է հանդիսացել նրանց բուն մահվան պատճառը, արդյոք նրանք հրդեհից առաջ այլ բռնի գործողության կամ կյանքից դիտավորյալ զրկելու հետ կապված այլ միջամտության ենթարկվել են, թե՝ ոչ», - ասաց փաստաբանը:

Նորիկյանը զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների ներկայացուցիչն է։ Նա այսօր վերահաստատեց՝ չեն հավատում զինծառայողների մահվան պաշտոնական վարկածին։ Փաստաբանի խոսքով՝ խառնաշփոթը սկսվեց կառավարության նիստում վարչապետի պնդումներից, որտեղ կարծես արտակարգ դատարանը արդարադատություն էր իրականացնում։

Փաստաբանը կասկածներ ունի՝ տղաները հրդեհից առաջ եղել են ոչ կենդանի կամ անգիտակից

Դրան հաջորդեցին պաշտոնական հակասական հայտարարությունները։ Արտակարգ իրավիճակների նախարարության բարձրաստիճան պաշտոնյան նախ պնդեց, թե զինվորները հրդեհի ժամանակ եղել են իրենց անկողիններում։ Հետո Գլխավոր դատախազությունը հերքեց զինվորների անկողնում լինելու պնդումը։ Այս ու մի շարք այլ տվյալներ փաստաբանին հիմք են տալիս մտածելու, որ հրդեհից առաջ ինչ-որ բան է տեղի ունեցել։

«Երեխաները հրդեհին նախորդող ժամանակահատվածում եղել են կա՛մ արդեն ոչ կենդանի, կա՛մ ոչ գիտակից, այսինքն, անգիտակից են եղել», - ընդգծեց Նորայր Նորիկյանը:

«Ազատության» հարցին՝ «կնշե՞ք մեկ-երկու փաստ, որոնք Ձեզ ստիպում են այդպիսի կասկած ունենալ», փաստաբանը պատասխանեց. - «Նրանց կողմից դիմադրության կամ այդ տարածքից փախչելու, այդ տարածքից ազատվելու որևէ հանգամանքի բացակայությունը, մահճակալների վրա նրանց հանգիստ վիճակում գտնվելու իրողությունը: Քննությունը կպարզի սխալվել են, թե հիմա են սխալվում: Այն ժամանակ են հանրությանը տվել խեղաթյուրված տեղեկատվություն, թե հիմա են հանրությանը տալիս խեղաթյուրված տեղեկատվություն»:

Արդյո՞ք թմրանյութերի վարկած քննվում է

Բազմաթիվ փորձաքննությունների շարքում, նշանակվել է նաև թմրաբանական փորձաքննություն։ Արդյո՞ք քրեական գործի շրջանակում թմրանյութերի առկայության վարկածը նույնպես քննվում է, Քննչական կոմիտեի խոսնակը Գոռ Աբրահամյանն ասաց. - «Չեմ կարող նշել, որ նման վարկած քննվում է, բոլոր դեպքերում այն բոլոր հարցադրումները, խնդիրները, որոնք հասարակության մոտ ի հայտ են եկել, որոնց վերաբերյալ առկա են որոշակի տվյալներ կամ ստացվում են որոշակի տվյալներ, դրանք անպայման դառնում են ստուգման առարկա քրեական վարույթի շրջանակներում»:

Փաստաբան Նորիկյանը ևս չնշեց՝ քննվում է այդպիսի վարկած, թե՝ ոչ՝ ընդգծելով. - «Բնականաբար, մեզ էլ են հետաքրքրում այդ հարցերի պատասխանները՝ այդ շշուկները համապատասխանում են իրականությանը, թե՝ ոչ: Ես ընդամենը այս պահին կարող եմ ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, հաշվի առնելով նաև սահմանափակ տեղեկատվության տիրապետելու իրողությունը»:

Պաշտոնական վարկածով կրակի վրա բենզին լցրած վաշտի կապիտան Եղիշե Հակոբյանը, որը դեռ հիվանդանոցում է, մինչ այս պահը ցուցմունք չի տվել. Քննչական կոմիտեի խոսնակի փոխանցմամբ՝ կապիտանը օգտվելով իր իրավունքից՝ առայժմ հրաժարվում է ցուցմունքից։

«Դեռևս չի հարցաքննվել, հարմար պահին, երբ որ ինքն էլ ցանկություն ունենա ցուցմունք տալու, այդ քննչական գործընթացն անպայման կիրականացվի», - ասաց Աբրահամյանը:

Կապիտանը հաջորդ շաբաթ ցուցմունք կտա. փաստաբան

Մեղադրյալ Եղիշե Հակոբյանի փաստաբանը մինչդեռ հակադարձում է՝ իր պաշտպանյալը չի հրաժարվում ցուցմունք տալուց, այսօր էլ հանդիպել է նրան, և կապիտանը շատ է ուզում խոսել։ Դա բխում է նաև իր շահերից, պարզապես դեմքի այրվածքները թույլ չեն տալիս։ Փաստաբան Հովսեփ Սարգսյանի փոխանցմամբ՝ Եղիշե Հակոբյանը, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ ցուցմունք կտա։

«Քննչական կոմիտեն, ըստ երևույթին, ապատեղեկատվություն է տվել այդ առումով: Ինքը պատրաստ է և ինքը երբևէ չի հրաժարվել ցուցմունք տալուց, պարզապես ամբողջությամբ դեմքը պատված է վերքերով, շատ դժվարությամբ է խոսում», - նշեց փաստաբանը:

Ընդունում է արդյո՞ք կապիտանը մեղադրանքը, ըստ որի խախտել է շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները։ Փաստաբանի փոխանցմամբ՝ պաշտպանյալը դեռ դիրքորոշում չի հայտնել։ Ողբերգական դեպքի հետ կապված մանրամասներ Հովսեփ Սարգսյանը հրաժարվեց ներկայացնել, միայն վստահեցրեց՝ Հակոբյանը զինծառայողների հետ որևէ միջանձնային խնդիր չի ունեցել։ Կապիտանի հետ կոնֆլիկտի մասին ակնարկել էր ծնողներից մեկը։

«Նախ՝ իր ծառայության բերումով շփումները այդ զինծառայողների հետ եղել են խիստ սահմանափակ, ինքը այդ վաշտի հետ ընդհանրապես գործ չի ունեցել այնքանով, որքանով ըստ անհրաժեշտության է եղել շփումները», - ասաց փաստաբանը:

15 զինծառայողների կյանք խլած հրդեհի գործով ևս երեք զինվորականի մեղադրանք է առաջադրվել, վերջիններս, ըստ իրավապահների, պաշտոնեական անփութություն են դրսևորել։

Ի դեպ, արդեն սկսվել է զոհված զինծառայողների ծնողների տուժող ճանաչելու, նրանց հարցաքննելու գործընթացը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG