«Ազատություն». - Հիմա ինքնորոշման իրավունքը իրացնելը որքանո՞վ է իրատեսական, երբ Ադրբեջանն արդեն այդ տարածքները, մի բան էլ ավելի ուժով վերցրել է։
Աթանեսյան. - Մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ ինքնորոշման իրավունքը անանցանելի է։ Մինչև տվյալ ժողովուրդը, հանրությունը կամ բնակչությունը չի արտահայտում իր կամքը լեգիտիմ, օրինական ընթացակարգով, խաղաղ բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, ապա համարվում է, որ այդ ժողովուրդը, կամ այդ հանրությունը, կամ այդ բնակչությունը ինքնորոշված չէ։ Խնդիրն այստեղ հետևյալն է. Իլհամ Ալիևը իրավասո՞ւ է Արցախի հայ բնակչությանը զրկելու ինքնորոշման իրավունքից։ Լեռնային Ղարաբաղի մասին բոլոր որոշումները՝ սկսած խորհրդային շրջանից և վերջացրած նույն Մադրիդյան սկզբունքներով, կամ դրանց մոդիֆիկացված տարբերակներով Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի սուբյեկտությունը չի մերժում։ Խոսքը անկախության մասին չէ, խոսքը սուբյեկտության մասին է։ Այսօր սուբյեկտության վերականգնման խնդիր կա, և սա գերխնդիր է։ Դիտարկել, որ նախկին ԼՂԻՄ-ի տարածքում ապրում է 120 հազար հայ, որ կարող է ընդունել այս երկրի քաղաքացիությունը կամ չընդունել և ընտրել բնակության այլ վայր, դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Եվ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ավելի քան երեսնամյա պատմության բացահայտ խեղաթյուրում է, վոլյունտարիզմ։ Հիմա էս վոլյունտարիզմը ինչպե՞ս է ընկալվում նույն Մինսկի խմբի համանախագահ երկրների մայրաքաղաքներում՝ Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում։ Մենք ընդամենը սլաքները ուղղում ենք Հայաստանին, որ Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի երաշխավորի իր պարտավորությունից։ Այսօր պետք է գտնվի այն հարթակը, որը կապահովի Բաքու - Ստեփանակերտ նորմալ երկխոսություն՝ ուղղված այն հարցեին, թե Լեռնային Ղարաբաղը ինչ կարգավիճակ պետք է ունենա։ Ինչի՞ կտանեն այդ բանակցությունները, Ադրբեջանը կհամաձայնի՞, որ Լեռնային Ղարաբաղը անկախ երկիր է, Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունները այլ տեսակետ կարտահայտեն, սա արդեն գործընթացի արդյունք կարող է լինել։ Բայց անհրաժեշտություն է սկսել գործընթացը։
«Ազատություն». - Ուրեմն Բաքու գնալը և հենց այս հարցերը բարձրացնելը վտանգավոր է, գուցե հակառակը՝ հենց այդ ժամանակ Ստեփանակերտը վերջապես որպես սուբյեկտ ընկալվի, որը Դուք ասում եք։
Աթանեսյան. - Դժվար է այսօրվա իրավիճակում Արցախի ներկայացուցիչներից ակնկալել, որ կգնան Բաքու և կբանակցեն։ Երբ այդպիսի հայտարարություն անում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, նրանք ակնհայտորեն գիտեն, որ Ստեփանակերտում անհնար է նման համաձայնության գալ։ Մեկ։ Երկրորդ, նրանք այդ առաջարկությունը անում են՝ արդեն իսկ սահմանելով բանակցությունների օրակարգը, թե ինչ հարցերի շուրջ կարող են խոսել Արցախի ընտրված ներկայացուցիչների հետ։ Դա անընդունելի մոտեցում է։ Միաժամանակ Ստեփանակերտն էլ իր հերթին, ես կարծում եմ, պետք է գտնի բանակցությունների ավելի լեգիտիմ ձևաչափ ընտրելու իր մտադրվածության դիվանագիտական ձևակերպումները։ Որովհետև արձագանքները եթե միանշանակորեն մերժողական են, բնականաբար հակառակորդ կողմը դա օգտագործում է իր զինանոցում, միջազգային գործընկերներին ներկայացնում է՝ ահա, մենք առաջարկեցինք, Ղարաբաղի հայերը մերժեցին։ Բայց ամենից առաջ այստեղ խիստ անհրաժեշտություն է իրավիճակի ապառազմականացումը։ Այսօր Իլհամ Ալիևը խոսում է, ասենք, ռեինտեգրացիայի մասին։ Թնդանոթի փողի տակ ռեինտեգրացիա չի լինում, բացառվում է։ Շրջափակված, գրեթե պաշարման ռեժիմում ապրող ժողովրդին նման առաջարկություն անել, դա նշանակում է ենթատեքստով ասել, որ թողեք հեռացեք։
Կուզենայի մի ընդգծում անել. Ստեփանակերտը և Արցախի քաղաքական շրջանակները պետք է Հայաստանին խնայողաբար վերաբերվեն։ Խոսքը չի վերաբերում վարչապետին պաշտպանել-չպաշտպանելուն, քննադատել-չքննադատելուն։ Խոսքը վերաբերում է Հայաստանի պետականությանը, Հայաստանի տարածքային ամբողջականությանը և Հայաստանի ապագային։ Այսօր փորձության դնել այդ ամենը, կամ լիովին փորձության դնել՝ առանց պատասխանատվության սեփական բաժին ստանձնելու, ինչպես ակնհայտորեն վարվում են Ստեփանակերտում, ես կարծում եմ, արդարացված չէ։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.