Ռուսաստանը պարզապես նոր մարտավարություն է որդեգրել՝ բանակցային գործընթացից դուրս չմնալու համար։ Այդ պատճառով էլ մի տարբերակից է խոսում, որը ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմի համար ընդունելի չէ՝ անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն մասին Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունն՝ ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Կարծում է՝ Մոսկվան ոչ թե հակամարտության բովանդակային լուծմանն է կողմ, այլ՝ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանմանը։
Երեկ Լավրովը բացառեց Հարավային Կովկասի հարցով Արևմուտքի հետ որևէ երկխոսություն։ Գրիգորյանը կարծում է՝ դիվանագետը չէր խոսում միջազգային մեխանիզմի ստեղծման մասին, ամենայն հավանականությամբ, հենց ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունները նկատի ուներ։
«Ռուսական կողմը չկարողանալով Ադրբեջանին համոզել կամ պարտադրել այսպես կոչված Խովաևի պլանը, որը ենթադրում էր Արցախի կարգավիճակի հետաձգում, այժմ փոխել է իր մոտեցումը և այդ մոտեցման փոփոխության հարցում փորձում է մեղքը բարդել հայկական կողմի վրա: Պատահական չի հիշատակվում Պրահայի հանդիպումն այդ հայտարարության մեջ, այսինքն, մեծ հաշվով, ասում են՝ դուք գնացել եք Պրահայում ստորագրել եք, ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն, բացառել եք կարգավիճակի հարցում Ադրբեջանից դուրս որևէ տարբերակ, եթե դուք ընդունել եք դա, մենք պատրաստ ենք այդ տարբերակով առաջ շարժվել: Սակայն պետք է հասկանալ, որ նույնիսկ այդ տարբերակն ընդունելի չէ Ադրբեջանի համար», - ասաց քաղաքագետը:
Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջազգային երաշխիքներ ստեղծելու մասին Հայաստանի պաշտոնյաները խոսում են անցած տարվանից, բայց մինչև հիմա ոչ մեխանիզմն է հստակեցվել, ոչ էլ՝ միջազգային որևէ դերակատար պատրաստակամություն է հայտնել դառնալ այդ միջնորդը։ Մինչ Ստեփանակերտից պնդում են ինքնորոշման իրավունքը, Բաքուն ասում է՝ իր համար չկա Լեռնային Ղարաբաղի հարց, արցախահայերին էլ համարում է Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք ոչ մի առանձնահատուկ իրավունք չեն կարող ունենալ։
Աջակցություն հայտնելով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև անվտանգության ու իրավունքների հարցով երկխոսության գաղափարին՝ Սերգեյ Լավրովը երեկ որակյալ միջնորդության վրա շեշտը դրեց։ Իսկ ղարաբաղցիների համար որպես օրինակ թվարկեց մի քանի տարբերակ, որտեղ ոչ մի խոսք չէր գնում ինքնորոշման մասին։
«Այդպիսի օրինակներ կային Մինսկի համաձայնություններում՝ Արևելյան Ուկրաինայի բնակիչների վերաբերյալ: Այդ իրավունքների մեջ մտնում են հարազատ լեզվի կրթության իրավունքը, ապրելն ու աշխատելն այդ լեզվով, մշակույթը պահպանելը, կրոնը պահպանելը, տեղական ինքնակառավարում ունենալը, հատուկ տնտեսական ու առևտրային կապեր ունենալն իրենց հայրենակիցների հետ: Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր, մոտավորապես նույն իրավունքներն են նախատեսվել 10 տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև ստորագրված համաձայնագրում՝ «Կոսովոյի սերբական տեղական ինքնակառավարման մարմինների» ստեղծման մասին համաձայնագրով», - նշել է Լավրովը։
Իսկանդարյանը կարծում է՝ Մոսկվան չի ուզում դուրս գալ բանակցային գործընթացից
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է՝ Ռուսաստանի տեսակետից այդ օրինակներից ոչ մեկը հաջողված չէ, նույնիսկ հարցն այն չէ, այնտեղ կա ինքնորոշման իրավունքը, թե՝ ոչ։ Օրինակ՝ Արևելյան Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածություններից ոչինչ դուրս չեկավ, Ռուսաստանը ստիպված եղավ այդ ռեգիոնները ներառել իր կազմ։ Իսկանդարյանը կարծում է՝ Մոսկվան չի ուզում դուրս գալ բանակցային գործընթացից, իսկ նոր առաջարկ ներկայացնելով՝ փորձում է նվազեցնել պատերազմի հավանականությունը։
«Մոսկվան առնվազն մեջտեղ է բերում այս տարբերակը, որպեսզի գոնե որոշ ժամանակ դա քննարկվի, կստացվի, կստացվի, չէ, չէ», - ընդգծեց քաղաքագետը:
Ռուսաստանը, Իսկանդարյանի խոսքով, Ադրբեջանին ճնշելու գործիք չունի, իսկ գլխավոր խնդիրը, այն է, որ բանակցային գործընթացն անհույս է. Ադրբեջանն ուզում է շփումներ՝ առանց միջնորդի, արցախցիների ինտեգրացիա։
Տիգրան Գրիգորյանը Լավրովի օրինակները զավեշտալի որակեց. - «Երբ խոսում ես Կոսովոյի մասին և չես խոսում Կոսովոյի անջատման մասին Սերբիայից կամ Հարավսլավիայից, այլ խոսում ես Կոսովոյում սերբ փոքրամասնության մասին, սա պարզապես ծաղր է ղարաբաղյան հակամարտության ողջ բնության, բնույթի, բովանդակության վերաբերյալ: Եթե ղարաբաղյան հակամարտությունը այդ պրիզմայով ենք դիտարկում, պարզ է, որ որևէ դրական հանգրվանի մեզ համար չենք կարող հասնել և հայկական կողմը պետք է, իհարկե, հակադարձի այդ խոսույթներին»:
Երևանից մինչև հիմա չեն հակադարձել, իսկ հայտարարությունը հնչեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ներկայությամբ. Արտգործնախարարությունից փորձեցինք ճշտել՝ արդյոք Ռուսաստանը երեկվա բանակցություններում հանդե՞ս է եկել նաև Ստեփանակերտի ու Բաքվի միջև միջնորդ դառնալու պաշտոնական առաջարկով, եթե՝ այո, արդյոք ընդունելի՞ է Մոսկվայի միջնորդությունը ու որ բանակցությունները ընթանան Լավրովի բերված օրինակներով։ Գրավոր հարցմանը պատասխան դեռ չենք ստացել։