Ստեփանակերտը կոչ է անում միջազգային բոլոր դերակատարներին դիմել գործնական քայլերի։
Մարաղայի կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ «Ադրբեջանի իշխանությունների ոճրագործությունները դադարեցնելու և դրանց լուռ ականատեսը կամ նույնիսկ հանցակիցը չդառնալու համար» միջազգային հանրությունը պետք է գործնական ու արդյունավետ գործողություններով Ադրբեջանին բերի իրավական և կառուցողական դաշտ»՝ հարկադրելով վերջինիս ավտորիտար ղեկավարությանը հարգել միջազգային իրավունքն ու իրենց ստանձնած պարտավորությունները:
Մարաղայի կոտորածը Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերի, ինչպես նաև Հյուսիսային Արցախի հայ բնակչության դեմ իրականացված ջարդերի ու տեղահանությունների շարունակությունն էր, որի նպատակն էր սաղմի մեջ խեղդել արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման օրինական պահանջը, ինչպես նաև էթնիկ զտման և բռնի տեղահանության միջոցով արցախահայությանը զրկել հայրենիքից, հիշեցնում է Արցախի ԱԳՆ-ն։
«Չնայած այն հանգամանքին, որ Մարաղայում կատարված վայրագությունները մանրամասնորեն փաստագրվել են միջազգային հանրության, այդ թվում՝ Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, համապատասխան միջազգային կառույցների կողմից այս հանցագործության պատշաճ քաղաքական գնահատականի բացակայությունը և անպատժելիությունը պարարտ հող նախապատրաստեցին Ադրբեջանի հետագա ագրեսիայի, նրա ղեկավարության վարած հայատյաց և ցեղասպան քաղաքականության շարունակման և ամրապնդման համար», - հայտարարում է գերատեսչությունը:
Այսօր էլ, անտեսելով Արցախի շրջափակումն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, շեշտում է Արտաքին գործերի նախարարությունը, Ադրբեջանը շարունակում է քաղաքակիրթ մարդկության աչքի առջև իրականացնել իր «հանցավոր և ցեղասպան քաղաքականությունը»՝ 120 օր շարունակ Արցախի բնակչությանը պահելով ապօրինի շրջափակման մեջ, զրկելով տարրական կենսապայմաններից, ստեղծելով հումանիտար ճգնաժամ, ինչպես նաև ահաբեկչական գործողություններով հետամուտ լինելով Արցախի հայաթափման իր հանցավոր ծրագրի իրականացմանը: