Ուկրաինական զորքերը նախատեսում էին հակահարձակում սկսել ապրիլի 30-ին, և մինչ այդ երկիրը կստանա Արևմուտքի խոստացած զենքի մեծ մասը, գրում է Newsweek ամսագիրը՝ վկայակոչելով Պենտագոնի և ամերիկյան հետախուզության համացանցում հայտնված գաղտնի փաստաթղթերը։
The Washington Post-ը ապրիլի 12-ին, սակայն, հայտնել էր, որ Ուկրաինան հետաձգել է գարնանը նախատեսված հակահարձակումը եղանակային պայմանների, զինամթերքի պակասի և փաստաթղթերի արտահոսքի պատճառով:
Բախմուտի համար մարտերը չեն դադարում
Ու քանի դեռ ուկրաինական կողմը չի սկսել հակահարձակումը, ռուսական կողմը շարունակում է իր հիմնական ջանքերը կենտրոնացնել Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկիայի ուղղություններով հարձակողական գործողություններ իրականացնելու վրա։ «Բախմուտն ու Մարյինկան շարունակում են մնալ ռազմական գործողությունների էպիկենտրոնում, Բախմուտի համար մարտերը չեն դադարում», - հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատում է, որ Բախմուտի համար մարտերը շարունակվում են։ Վերջին օրվա ըթնացքում ռուսներին հաջողվել է գրավել երկու թաղամաս, իրենց իսկ պնդմամբ սակայն, քաղաքը նրանք ամբողջովին չեն վերահսկում։
«Հարձակողական ջոկատները՝ օդադեսանտային ուժերի, ավիացիայի և հրետանու աջակցությամբ, մեկ օրում վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Արտյոմովսկ (Բախմուտ) քաղաքի հյուսիս-արևմուտքում և կենտրոնում գտնվող երկու թաղամասերը», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
Անցած օրվա ընթացքում ռուսական զորքերը S-300 հակաօդային պաշտպանության համակարգից 25 հրթիռային հարված են հասցրել Զապորոժիեի քաղաքներին և Նիկոլաևի շրջանին, ինչպես նաև 42 ավիահարված։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, ավերվել և վնասվել են տներ և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ։
Հարվածի տակ են Ուկրաինային սահմանակից ռուսաստանյան տարածքները
Հարվածի տակ են նաև Ուկրաինային սահմանակից ռուսական շրջանները։ Բոլգորոդի նահանգապետը այսօր հայտարարել է, թե Բելգորոդի մարզում երկու հրդեհները էլ մարվել են։
Ավելի վաղ ռուսական աղբյուրները հայտնել էին կիրակի օրը Բելգորոդի էլեկտրական ենթակայանի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածի և քաղաքում էլեկտրաէներգիայի խափանումների մասին:
Կրեմլը գրեթե ամեն օր հայտարարում է, որ «հատուկ ռազմական օպերացիան» շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ռուական կողմը չի հասել իր նպատակներին։ Արևմտյան հետախուզությունը հայտնում է, թե ռուսական կողմը ունի բավականին մարդկյաին ռեսուրս ռազմական օպերացիան շարունակելու համար, սակայն ունի լուրջ խնդիրներ զինտեխնիկայի հետ կապված։ Արևմուտքը մտավախություն ունի, որ ռուսներն օգնության կարող է գալ Չինաստանը։
Երեկ Կրեմլում Պուտինը Չինաստանի պաշտպանության նախարարին ընդունելիս հայտարարել էր, թե Մոկսվան ու Պեկինը ունեն ռազմավարական գործընկերական հարաբերություններ, որոնք խորանում են բոլոր՝ այդ թվում ռազմական, ոլորտներում. - «Մենք պարբերաբար օգտակար տեղեկություններ ենք փոխանակում, համագործակցում ենք ռազմատեխնիկական ոլորտում և համատեղ վարժանքներ ենք անցկացնոմ Հեռավոր Արևելքի տարածաշրջանում և Եվրոպայում և՛ ծովում, և՛ ցամաքում, և՛ օդում»։
Չինաստանի պաշտպանության նախարարը Պուտինի հետ հանդիպմանը կրկնել էր Չինաստանի նախագահ Սի Ծինպինի այն թեզը, որ Ռուսաստանի և Չինաստանի «լավ հարաբերություններն ուղղված չեն այլ երկրների դեմ»։
Պուտինի հանդիպումը Չինաստանի պաշտպանության նախարարի հետ տեղի է ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի Մոսկվա կատարած այցից մի քանի շաբաթ անց։
Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Սի Ծինպինի Մոսկվա կատարած այցից հետո մտահոգություն էին հայտնել զենքի և այլ ռազմական օգնության հնարավոր մատակարարման վերաբերյալ, որը Չինաստանը կարող է տրամադրել Ռուսաստանին։ Միաժամանակ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ իրենք տվյալներ չունեն, թե ներկայումս նման օգնություն է ցուցաբերվում, կամ կտրամադրվի մոտ ապագայում։ Նույն է պնդում նաև ուկրինական կողմը։
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից չինական զենքի կիրառման նշաններ չկան, հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը. - «Այսօր մենք ռազմաճակատում չենք տեսնում Չինաստանում արտադրված զենքի առկայության նշաններ: Հիշու՞մ եք, երբ հայտնվեցին իրանական հարձակողական անօդաչու թռչող սարքերը, մենք անմիջապես հայտարարություն արեցինք այս մասին»։
Նրա խոսքով՝ Կիևն անմիջապես կտեղեկացնի միջազգային հանրությանը, եթե Ռուսաստանը սկսի օգտագործել չինական զենք։
Մինչ այդ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները պայմանավորվել են ուժեղացնել վերահսկողությունը Մոսկվայի դեմ պատժամիջոցների պահպանման նկատմամբ և ավելի ակտիվ արձագանքել երրորդ երկրների կողմից Ռուսաստանին զենք մատակարարելուն։ Ճապոնիայում կայացած հանդիպման ժամանակ ընդունված համատեղ հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ G7-ի անդամ երկրները կշարունակեն խստորեն աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։