Ընթացիկ տարվա օգոստոսի վերջին ուկրաինական զորքերը կկարողանան ազատագրել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ թերակղզին՝ պայմանով, որ Արևմուտքը Կիևին կտրամադրի հեռահար ճշգրիտ զենք։ Նման կարծիք է հայտնել Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը Deutsche Welle-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ Ուկրաինայի գլխավոր շտաբը շատ լավ նախապատրաստվել է հակահարձակման: Կարծում եմ, մենք կտեսնենք շատ պրոֆեսիոնալ հարձակողական գործողություններ, շատ արդյունավետ, և դրա նպատակը կլինի մեկուսացնել Ղրիմը և պայմաններ ստեղծել թերակղզու հնարավոր ազատման համար այս տարվա վերջին», - ասել է Հոջեսը։
Պատասխանելով DW-ի պարզաբանող հարցին, թե արդյոք նա այսօր էլ պնդում է իր նախկին կանխատեսումը, որ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան Ղրիմ հասնել ամռանը, Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատարը նշել է. - «Այո, բայց մինչև օգոստոսի վերջ։ Նրանք կկարողանան ազատագրել Ղրիմը, եթե, և ես միշտ այդ վերապահումն արել եմ, եթե մենք նրանց տրամադրենք հեռահար ճշգրիտ զենքեր, որոնք անհրաժեշտ են դա անելու համար, այո, նրանք, անշուշտ, կարող են դա անել»:
Հարցազրույցում ավելի վաղ գնահատելով Ռուսաստանի զինված ուժերի հարձակողական ներուժը՝ Բեն Հոջեսը պնդել է, թե զենքը, «որը Ռուսաստանը հիմա դուրս է բերում պահեստներից, շատ հին է՝ մոտ 65 տարեկան»։ «Ռուսաստանը հարձակման այլ հնարավորություններ չունի, նոր հարձակման անցնելու համար ռուսները զենք չունեն», - ընդգծել է ամերիկացի գեներալը, հավելելով, թե իր կարծիքով՝ ստեղծված պայմաններում Ռուսաստանի զինված ուժերն անցնելու են պաշտպանական դիրքի՝ փորձելով «պահել այն, ինչ ունեն»:
Ուկրաինական հակահարձակման ժամկետը չի հայտարարվել, պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը երեկ ասել է, թե Կիևը շտապելու կարիք չունի:
«Ռուսաստանի «սողացող» հարձակումն ուկրաինական ճակատում գնալով ավելի է բարդանում, տապալվում են առնվազն Դոնեցկի և Լուգանսկի շրջանները գրավելու ծրագրերը, իսկ հսկայական կորուստները նվազեցնում են ռուսական բանակի ներուժը։ Այսօր ժամանակն Ուկրաինայի դաշնակիցն է, մենք հնարավորություն ունենք լավագույնս նախապատրաստվելու հակահարձակմանը», - ասել է Ռեզնիկովը լիտվական մեդիային տված հարցազրույցում: