Մատչելիության հղումներ

Պրիգոժինն առաջարկում է դադարեցնել պատերազմը և հայտարարել, որ նպատակները ձեռք են բերված


Վլադիմիր Պուտին և Եվգենի Պրիգոժին, կոլաժ
Վլադիմիր Պուտին և Եվգենի Պրիգոժին, կոլաժ

Ուկրաինայի դեմ պատերազմին ակտիվորեն մասնակցող «Վագներ» ռազմականացված մասնավոր ընկերության ղեկավար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր մարդկանցից Եվգենի Պրիգոժինն առաջարկել է դադարեցնել պատերազմը և հայտարարել, որ հատուկ ռազմական գործողության նպատակները ձեռք են բերված։

"Кепка Пригожина" Տելեգրամ ալիքում ապրիլի 14-ին հրապարակված տեքստում նշված է, որ իշխանությունների և հասարակության համար այսօր անհրաժեշտ է յուղոտ վերջակետ դնել հատուկ ռազմական գործողությունում։ «Իդեալական տարբերակը կլինի հատուկ ռազմական գործողության ավարտի մասին հայտարարելը՝ բոլորին հայտնելով, որ Ռուսաստանը հասել է այն արդյունքներին, որոնք պլանավորվել էին, և ինչ-որ իմաստով մենք իրականում դրանց հասել ենք», - ասել է Պրիգոժինը։

Նա նշել է, որ Ռուսաստանը կտրել է Ազովի ծովն ու Սև ծովից մի մեծ հատված, Ուկրաինայի տարածքից «յուղոտ պատառ» է գրավել և ցամաքային կապ ստեղծել Ղրիմի հետ։ «Հիմա մի բան է մնում՝ խորը ամրապնդել, կառչել այդ տարածքներից, որոնք արդեն կան», - հավելել է «Վագներ»-ի ղեկավարը։

Պրիգոժինին վերագրվող տեքստում նաև նշված է, որ երկարատև պատերազմը ռուսական էլիտայի կողմից չի պաշտպանվում։ «Շատերը, ովքեր դեռ երեկ պաշտպանում էին հատուկ ռազմական գործողությունը, այսօր կասկածների մեջ են, կամ կտրականապես դեմ են նրան, ինչ կատարվում է», - նշված է "Кепка Пригожина" Տելեգրամ ալիքում հրապարակված տեքստում, որտեղ ներկայացած է Պրիգոժինի կարծիքը Բախմուտի նշանակության, ներկայիս ռազմական իրավիճակի, ուկրաինական ուժերի հակահարձակման հնարավորության ու ամերիկյան փաստաթղթերի արտահոսքի վերաբերյալ։

XS
SM
MD
LG