Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուժերը Բախմուտում նահանջել են որոշ դիրքերից


Բրիտանական ռազմական հետախուզությունը այսօր հայտնեց, որ Բախմուտում ուկրաինական ուժերը նահանջել են քաղաքի որոշ տարածքներից, քանի որ վերջին երկու օրվա ընթացքում ռուսական ուժերի կողմից ենթարկվել են ինտենսիվ հրետակոծության և գրոհների։ «Վագներ»-ի վարձկանները կենտրոնում շարունակում են գրոհները, իսկ թևերից՝ հարավից և հյուսիսից նրանց աջակցում են ռուսական բանակի դեսանտային ուժերի ստորաբաժանումները։

Ըստ բրիտանական հետախուզության, «Վագներ»-ի վարձկաններն ու կանոնավոր զորքերը համաձայնեցված են գործում, նախկին տարաձայնությունների փոխարեն։

Բախմուտում ուկրաինական ուժերը կարողացել են կազմակերպված նահանջել դիրքերից։ Նրանք պնդում են, որ քաղաքի արևմտյան թաղամասերը դեռ պահում են, բայց մատակարարումների բարդություններ ունեն։

Բախմուտի մոտակայքում ուկրաինական հրետանային մարտկոցի հրամանատար Դմիտրին «Ռոյթերս»-ին ասել է, որ ռուսական հետևակի մեծ կուտակումներ կան ճակատային գծում։

Դոնեցկի մարզի Բախմուտ ոչ մեծ քաղաքի համար մարտերը սկսվել էին անցած տարվա կեսերից։

Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո, որտեղ պնդումներ կան, թե սպառազինությունների սղության պատճառով ուկրաինական բանակի հակահարձակման անցնելու հնարավորությունները սահմանափակ են, ABC հեռուստաընկերությունը առաջին հարցազրույցն է հրապարակել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովի հետ։

Բուդանովն ասել է, որ այդ արտահոսքը միայն Ռուսաստանի համար էր շահավետ։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ սպասվող հակահարձակումը տեղի կունենա: Արտահոսքը չի կարող ազդել հարձակողական գործողությունների արդյունքների վրա, ասել է ուկրաինացի գեներալը։

Անկախ արտահոսքից, ձգձգվող պատերազմի վերաբերյալ փորձագետները բազմիցս նշել են, որ երկու կողմերն էլ սպառազինությունների, զինամթերքի խիստ կարիք ունեն։

Ուկրաինական պատերազմում կողմերից ոչ մեկին Չինաստանը զենք չի տրամադրի. Ցին Գան

Արևմուտքը Չինաստանին մշտապես զգուշացնում է, որպեսզի չփորձի Ռուսաստանին մահաբեր զենք վաճառել։

Այսօր «Ռոյթերս»-ը հաղորդեց, որ Չինաստանի պաշտպանության նախարարը՝ Լի Շանֆուն, ապրիլի 16-19-ը այցելելու է Ռուսաստան։

Չինաստանի արտգործնախար Ցին Գան այսօր կրկին պնդել է, որ ուկրաինական պատերազմում կողմերից ոչ մեկին Չինաստանը զենք չի տրամադրի։

Նա այս մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ Պեկինում կայացած մամուլի համատեղ ասուլիսում։

Գերմանիայի արտգործնախարարն ասել է, որ Չինաստանը որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պատասխանատու է օժանդակելու ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանը։

«Ես ստիպված եմ հարց բարձրացնել, թե ինչո՞ւ մինչև հիմա Չինաստանը ագրեսորին՝ Ռուսաստանին, ուղղված կոչ չի անում՝ դադարեցնել պատերազմը։ Մենք բոլորս գիտենք, որ նախագահ Պուտինը ցանկացած պահի դա անելու հնարավորություն ունի և Ուկրաինայի ժողովուրդը ոչինչ ավելին չի ցանկանում, քան վերջապես նորից խաղաղ ապրել», - ասել է Գերմանիայի արտգործնախարարը։

Չինաստանի արտգործնախարարը կրկնել է բազմիցս հնչած տեսակետը․ «Ուկրաինայի հարցում Չինաստանի դերը, մեր առաջարկները հանգում են մի կետի՝ համոզել և խթանել բանակցությունները։ Մենք ոչինչ չենք անելու կրակի վրա յուղ լցնելու համար»։

Մինչդեռ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ավագ խորհրդական Վլադիսլավ Վլասյուկը այսօր «Ռոյթերս»-ին ասել է, որ ռուսական ուժերի կողմից օգտագործված զենքի մեջ գնալով ավելի շատ են հայտնաբերում չինական արտադրության մասեր։

«Մարտի դաշտում օգտագործված զենքերի մեջ մենք տարբեր էլեկտրոնիկա ենք հայտնաբերում։ Միտումը հիմա այսպիսին է՝ արևմտյան արտադրության բաղադրիչները քիչ են, իսկ շատ են, դժվար չէ կռահել որ երկրի արտադրության բաղադրիչները՝ իհարկե Չինաստանի», - ասել նա։

Ուկրաինացի մասնագետները «Ռոյթերս»-ին նյութեր են տրամադրել, ապացուցելու, որ ռուսների կողմից օգտագործվող «Օրլան» ԱՍԹ-ի նավիգացիոն համակարգում չինական արտադրության մասեր կան, նախկինում այն շվեյցարիական էր։ Չինական արտադրության դետալներ են հայտնաբերվել նաև ռուսական տանկերի կրակային վահանակում, որտեղ նախկինում օգտագործվում էին ֆրանսիական արտադրության մասեր։

Վլասյուկն ասել է, որ Ուկրաինան կարողացել է բացահայտել չինական որոշ արտադրող և մատակարարող ընկերությունների, որոնք զենքի բաղադրիչներ են տրամադրում Ռուսաստանին և այդ տեղեկատվությունը կիսել է Արևմուտքի գործընկերների հետ։

Ռուս-ուկրաինական պատերազմի հարցում Պեկինի հայտարարած դիրքորոշումը մի կողմից պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, մյուս կողմից՝ կրկնում Կրեմլի տեսակետը՝ ԱՄՆ-ին ն և ՆԱՏՕ-ին մեղադրելով հակամարտությունը հրահրելու մեջ և չի դատապարտում Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։

XS
SM
MD
LG