Մատչելիության հղումներ

Ուկրաինան հաղթելու է այս պատերազմում և պաշտպանելու է Եվրոպային. Դենիս Շմիգալ


Ուկրաինայի վարչապետ Դեմիս Շմիգալ (Ձ) և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին։ Վաշինգտոն, 12-ը ապրիլի, 2023։
Ուկրաինայի վարչապետ Դեմիս Շմիգալ (Ձ) և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին։ Վաշինգտոն, 12-ը ապրիլի, 2023։

Ուկրաինան հաղթելու է այս պատերազմում և պաշտպանելու է Եվրոպային, ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը Վաշինգտոնում երեկ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Մենք կհաղթենք այս պատերազմում, բայց դրան ավելի արագ և ավելի քիչ զոհերով հասնելու համար, Ուկրաինային դեռևս անհրաժեշտ է ինտենսիվ ռազմական աջակցություն, ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր, ավելի շատ ծանր հրետանի, ականանետեր և զինամթերք», - հավելել է նա:

Շմիգալը խնդրել է Օսթինին դիտարկել ավելի մեծ հեռահարության հրթիռներ և ինքնաթիռներ տրամադրելու հնարավորությունը՝ ընդգծելով, թե դա անհրաժեշտ է և' Ուկրաինային, և' Եվրոպային պաշտպանելու համար։

Կտրամադրի՞ արդյոք Միացյալ Նահանգները Ուկրաինային ավելի հեռահար հրթիռներ և արդիական կործանիչներ, թե ոչ՝ Լլոյդ Օսթինը չի ասել, սակայն ընդգծել է․ - «Ես վստահ եմ, որ մենք կբավարարենք Ուկրաինայի պաշտպանության կարիքները գարնանը և դրանից հետո: Եվ ինչպես նախագահ Բայդենը բազմիցս ասել է, մենք Ուկրաինայի կողքին կլինենք այնքան ժամանակ, որքան պահանջվի: Պարոն վարչապետ, Ուկրաինան ամեն օր ոգեշնչում է աշխարհին իր քաջությամբ ու տոկունությամբ»։

Լլոյդ Օսթին
Լլոյդ Օսթին

Պենտագոնի ղեկավարը շեշտել է, թե ԱՄՆ-ն և դաշնակիցները տասնյակ միլիարդավոր դոլարների HIMARS և հաուբիցներ, շատ այլ զինտեխնիկա են տրամադրել ուկրաինական կողմին, ինչն էլ փոխել է իրավիճակը ռազմի դաշտում, և ինչի շնորհիվ ուկրաինական բանակը կարողացել է ազատագրել գրավված տարածքներ անցած աշնանը։

Օսթինն ավելի վաղ համոզմունք էր հայտնել, թե ուկրաինական հայտարարված հակահարձակումը հաջող կլինի։ Բրիտանական հետախուզությունը հայտնում է, թե ուկրաինական կողմը հարմար պահի է սպասում հակահարձակումը սկսելու համար։ Ռուսները, բրիտանական կողմի տվյալներով, ակտիվորեն նախապատրաստվում են ուկրաինական հակահարձակմանը և զգալի ջանքեր են գործադրել, մասնավորապես, Զապորոզժիեի մարզում պաշտպանական կառույցների ստեղծելու համար։

Երեկ Շմիգալը The Hill-ին տված հարցազրույում ասել էր, թե հակահարձակումը կարող է սկսվել ամռանը։ Ավելի վաղ Արևմուտքում խոսում էին գարնանային հակահարձակման մասին։ Հստակ ժամկետներ Կիևը չի նշում՝ շեշտելով, թե շտապելու կարիք չկա, հակահարձակմանը պետք է հնարավորինս լավ նախապատրաստվել։

Մինչ այդ շարունակվում են մարտերը Ուկրաինայի արևելքում, այդ թվում Բախմուտում, որի համար կատաղի մարտերը շարունակվում են հունվարից ի վեր։

Ամենաբարդը մնում է Բախմուտի ուղղությունը

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Օլեքսի Գրոմովը այսօր ասել է, որ ամենաբարդ ուղղությունը մնում է Բախմուտի ուղղությունը, որտեղ ռուսները շարունակում են հարձակողական գործողությունները Բախմուտ քաղաքի կենտրոնական հատվածում։

Պաշտպանության փոխնախարար Հաննա Մալիանիի պնդմամբ, ռուսները Բախմուտում ո'չ մարդկանց են խնայում, ո'չ էլ տեխնիկան. - «Թեև հակառակորդը Բախմուտում կենտրոնացրել է իր պրոֆեսիոնալ ստորաբաժանումները՝ ներառյալ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկաններին, օդադեսանտային ստորաբաժանումները և հատուկ նշանակության ջոկատները, ռուսները չեն կարող այնտեղ հասնել իրենց նպատակներին, այսինքն՝ ամբողջությամբ վերահսկել Բախմուտ քաղաքը: Այսօր ռուսները այնտեղ հսկայական կորուստներ են կրում, և չնայած այս կորուստներին, նրանք կանգ չեն առնում»։

13 ամսից ավելի տևող այս պատերազմում Ռուսաստանը 110 հազար մարդ է կորցրել՝ սպանված և վիրավոր։ Ընդ որում, սրանք ռուսական կողմի տվյալներն են։

Այս մասին, հղում անելով ամերիկյան փաստաթղթերի արտահոսքին, այսօր գրել է New York Times-ը՝ շեշտելով, որ սրանք ռուսական հատուկ ծառայությունների տվյալներն են։

Փաստաթղթերից մեկում ասվում է, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը մեղադրել է Ռուսաստանի ՊՆ-ին «Ուկրաինայում ռուսական կորուստները թաքցնելու» մեջ, քանի որ ռազմական գերատեսչությունն իր զեկույցներում հաշվի չի առնում Ռոսգվարդիայի, «Վագների» և չեչեն ստորաբաժանումների կորուստները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG