Հայաստանում բավականին թյուր պատկերացումներ կան Եվրամիության դիտորդական առաքելության, նրա գործառույթների և հնարավորությունների վերաբերյա, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Եվրամիության դիտորդների արդյուանվետությունը Հայաստանում էլ են կասկածի տակ դնում։
Ընդգծելով, որ առաքելությունը տեխնիկական հնարավորություններ չունի և ի վիճակի չէ հասկանալու, թե որ կողմն է սկսել էսկալացիան՝ Գրիգորյանը շեշտեց՝ այս առաքելության հիմնական նպատակն այն է, որպեսզի տարբեր դերակատարներ, որոնք փորձում են էսկալացնել իրավիճակը, հաշվի առնեն Եվրամիության քաղաքական ներկայության գործոնը։
Գրիգորյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Պարոն Գրիգորյան, Եվրամիության դիտորդների արդյուանվետությունը Հայաստանում էլ են կասկածի տակ դնում, և արտգործնախարարն ասել է, որ իրենք ասել են՝ «այդ պահին տեղում չեն եղել»։
Գրիգորյան․ - Հայաստանում բավականին թյուր պատկերացումներ կան Եվրամիության դիտորդական առաքելության, նրա գործառույթների և հնարավորությունների վերաբերյալ։ Պետք է հասկանալ, որ խոսքը գնում է 50 դիտորդի մասին և 50 աջակցող անձնակազմի մասին։ Առաքելությունը 100 հոգանոց է, որից միայն 50 հոգին են անզեն դիտորդներ։ Այդ առաքելությունը պարտավոր է իրականացնել ողջ հայ-ադրբեջանական սահմանի մոնիթորինգ, խոսքը ոչ միայն Հայաստանի արևելյան սահմանի մասին է, այլ նաև Նախիջևանի հետ սահմանի մաին։ Տեխնիկական հագեցվածության առումով՝ որևէ տեխնիկական հնարավորություններ չունեն, հասկանալի է, և մեծ հաշվով առաքելությունն ի վիճակի չէ հասկանալ դեպքերի մեծամասնության ժամանակ, թե որ կողմն է սկսել էսկալացիան, որ կողմն է սկսել հրաձգությունը, և եթե ավելի պարզ բացատրենք, այս առաքելության հիմնական նպատակն այն է, որպեսզի Եվրամիության դրոշ լինի տարածաշրջանում, և տարբեր դերակատարներ, որոնք փորձում են էսկալացնել իրավիճակը, հաշվի առնեն Եվրամիության քաղաքական ներկայության գործոնը։
Երկրորդ թյուր պատկերացումն առաքելության վերաբերյալ այն է, որ բոլորն ակնկալում են, որ առաքելությունը ինչ-որ հրապարակային հայտարարություններ պետք է անի, նման գործառույթ դիտորդական առքելությունը չուն։ Դիտորդական առաքելությունը զեկուցում է Եվրամիության ղեկավարությանը՝ Բրյուսել, և դրանից հետո արդեն Եվրամիությունից համապատասխան հայտարարությունները լինում են։
«Ազատություն»․ - Ամեն դեպքում, եթե այդ հայտարարությունը դիտորդների ներկայացրած փաստերի հիման վրա է, ապա գուցե այն այնքան էլ չի արտացոլում իրականությունը, եթե ասում են՝ «երկու կողմին էլ կոչ ենք անում հետքաշվել»։
Գրիգորյան․ - Դե ես նշեցի, որ դիտորդները չունեն տեխնիկական ու ֆիզիկական հնարավորություն արձանագրել, թե տվյալ խախտումն ինչպես է տեղի ունեցել, ով է խախտել։ Այդ առումով դիտորդներն իհարկե մեծ հաշվով որևէ առավելություն չունեն, օրինակ, այլ դերակատարների նկատմամբ։ Օրինակ՝ բաց աղբյուրների հիման վրա, կարող են վերլուծել տեղի ունեցածը, կարող են պոստ ֆակտում այցելել միջադեպի վայրը և տեղում արձանագրել իրավիճակը, բայց ի սկզբանե նրանք հնարավորություն չունեն հասկանալ, թե ինչպես է սկիզբ դրվել այդ միջադեպին։
Երեկ Ազգային ժողովում, հարցուպատասխանի ժամանակ, արտգործնախարար Արարատ Միրզոյանը պարզաբանեց՝ Տեղի բախումը Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդները չեն արձանագրել, «նրանք ասել են, որ այդ պահին այդ տեղում չեն եղել»։
Երեկ Եվրամիությունը հայտարարություն տարածեց՝ ափսոսանք հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին՝ Տեղ գյուղի շրջանում ապրիլի 11-ին տեղի ունեցած ռազմական բախումների կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմն էլ հաղորդեցին զոհերի և վիրավորների մասին։ «Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանների դելիմիտացիայի բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի սահմանային գիծը, և այդ գծից երկու կողմերի ուժերը պետք է հետ քաշվեն անվտանգային հեռավորության վրա՝ խուսափելու նման միջադեպերից», - նշված էր Եվրամիության հայտարարությունում։
Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ ակրող եք դիտել ստորև․