Եվրամիությունը ցավում է նախօրեին «ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած և հինգ մարդու մահվան հանգեցրած բռնության առթիվ», այսօր հայտարարել է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցչի խոսնակ Պիտեր Ստանոն։
«Այս մահացու միջադեպի հանգամանքները պետք է լիարժեքորեն հետաքննվեն»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը՝ հավելելով, որ Բրյուսելը կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ «կանխելու այնպիսի միջադեպերի ծագումը, որոնք հետագայում կարող են սպառնալ տարածաշրջանային անվտանգությանն ու վտանգել խաղաղ գործընթացը»։
Երեկ Ստեփանակերտը հաղորդել էր, որ «ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում»՝ մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Բաքուն պնդել էր, թե տեղեկություն են ունեցել «Լեռնային Ղարաբաղ զինամթերքի տեղափոխման մասին», ինչը փորձել են ստուգել, և ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունքում «փոխհրաձգություն է սկսվել»։ Հայկական կողմը սա հերքել է։