Մատչելիության հղումներ

Խորհրդարանը քննարկում է մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրության հարցը


Խորհրդարանը քննարկում է մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրության հարցը։ Թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է, նրան իշխող կուսակցությունն է առաջադրել։

Թեկնածուին Ազգային ժողովում ներկայացրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ վստահություն հայտնելով, որ Մանասյանն իր «հարուստ աշխատանքային փորձն ու բարձր որակավորումը կծառայեցնի Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությանը»։

Մարդասիրություն, կարեկցանք մարդկանց ու նրանց ճակատագրերի հանդեպ, ազնվություն, արդարություն և գիտելիքի հանդեպ անսահման հավատ, թվարկեց Մանասյանը՝ շեշտելով՝ այս սկզբունքները չի դավաճանել ու չի դավաճանելու։

34-ամյա Մանասյանն իրավաբան է, գլխավոր դատախազությունում աշխատանքի է անցել ընդամենը չորս ամիս առաջ, նախկինում նաև Սահմանադրական դատարանում է աշխատել։

Ընդդիմությունը ևս թեկնածու էր առաջադրել, բայց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի թեկնածությունը իշխանականները մերժեցին։

Իշխանությունը կարող է առանց ընդդիմության աջակցության ընտրել իր թեկնածուին։ Արդեն պարզ է, որ նա կընտրվի, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ միաժամանակ ընդգծելով, որ գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունը շարունակում է մնալ խնդրահարույց։

«Ամբողջ խնդիրն այն է, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի անձնավորություն, որը, օրինակի համար, ունենա պրակտիկ փորձ։ Օրինակ՝ նույն Քրեակատարողական հիմնարկ, կա՛մ ենթադրենք Ձերբակալվածների պահման վայր, կա՛մ Զինված ուժեր այցելության դեպքում ոչ միայն տեսնի, այլ նաև նկատի, զգա հնարավոր այն գործոնները, որոնք կարող են ռիսկ հանդիսանալ մարդու իրավունքների խախտման համար», - ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանը չի շտապում գնահատել, թե ինչպիսի պաշտպան կլինի Մանասյանը։ Միևնույն ժամանակ, խնդիր չի տեսնում, որ ապագա պաշտպանը գլխավոր դատախազի տեղակալն է։ Ասում է՝ նա կարճ ժամանակ է աշխատել դատախազությունում, որպես կադր դատախազությունում չի ձևավորվել։

«Ավելի շատ տեսաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ է, այնպես որ դատախազության, այն էլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության կոնտեքստին, երբ որ պատասխանատու է, չէր հասցրել մերվի դատախազական համակարգին», - ասաց Սաքունցը։

Մինչդեռ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավար, ընդդիմադիր Թագուհի Թովմասյանը «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ թեև Մանասյանի մասնագիտական որակներին կասկածելու առիթ չունի, սակայն թերահավատ է, որ նա անաչառ կլինի։

«Շատ ցավալի արձանագրում է այն, որ մենք գործ ունենք կոնկրետ պաշտոնյայի հետ, որը մինչ այս կատարել է դատախազի հրահանգները և հիմա պիտի արդեն դատախազի դեմ գործի։ Սա մի քիչ դժվար է պատկերացնել, որովհետև դատախազը Հայաստանում ի պաշտոնե պարտավոր է բոլոր քրեական գործերի նկատմամբ օրինականության վերահսկողություն իրականացնել», - ասել էր Թովմասյանը։

Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է վեց տարի ժամկետով, նախորդը՝ Քրիստիննե Գրիգորյանը, մոտ մեկ տարվա պաշտոնավարումից հետո հունվարին անսպասելի հրաժարական տվեց՝ հայտարարելով, թե այլ աշխատանքի է անցնելու։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG