Մատչելիության հղումներ

«Գլխավոր դատախազի տեղակալը չի կարող  մարդու իրավունքների անաչառ պաշտպան լինել». քաղաքացիներ


Անահիտ Մանասյան, Գլխավոր դատախազի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջադրված Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու
Անահիտ Մանասյան, Գլխավոր դատախազի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջադրված Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու

«Պաշտոնյա մարդիկ չեն կարողանա դառնալ մարդու իրավունքի պաշտպան, որովհետեւ նրանք միշտ կախված են իշխանության հետ, միշտ իշխանության աչքի տակ են», - «Ազատությանն» ասաց ներկայանալ չցանկացած մի քաղաքացի՝ զարմանալով, թե ինչպես կարող է գլխավոր դատախազի տեղակալը տեղափոխվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» խնդիր չեն տեսնում։ Խմբակցությունը օմբուդսմենի թափուր պաշտոնում առաջադրելու է Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։

«Ես, իհարկե, էդ մարդուն չեմ ճանաչում։ Բայց նա որ պաշտոնական մարդ ա էղել առաջ, չի կարելի», - ասում է ներկայանալ չցանկացած քաղաքացին։

34-ամյա թեկնածուն մասնագիտությամբ իրավաբան է, չորս ամիս առաջ նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ։ Նախկին իշխանության օրոք Սահմանադրական դատարանում է աշխատել, դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդականն է եղել։

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Թագուհի Թովմասյանը թեկնածուի մասնագիտական որակներին կասկածելու առիթ չունի, սակայն թերահավատ է, որ անաչառ կլինի. - «Շատ ցավալի արձանագրում է այն, որ մենք գործ ունենք կոնկրետ պաշտոնյայի հետ, որը մինչ այս կատարել է դատախազի հրահանգները և հիմա պիտի արդեն դատախազի դեմ գործի։ Սա մի քիչ դժվար է պատկերացնել, որովհետև դատախազը Հայաստանում ի պաշտոնե պարտավոր է բոլոր քրեական գործերի նկատմամբ օրինականության վերահսկողություն իրականացնել»։

Եթե թերահավատ են, թող ընդդիմադիրները իրենց թեկնածուին առաջադրեն, առաջարկում է իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը. - «Կարծում եմ, շատ հետաքրքիր կլիներ, որ տիկին Թովմասյանը նախաձեռներ թեկնածության ներկայացում, և դա քննարկվեր Ազգային ժողովում»։

Իշխանական պատգամավորի համար Անահիտ Մանասյանի կենսագրության մեկ տողն էլ բավարար է համոզվելու, որ նա իշխանության մարդը չէ, քանի որ նա Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդականն է եղել. - «Էդ մեղադրանքը, որ տիկին Թովմասյանը հնչեցրել է, ոնց որ թե մամուլը հերքում է»։

Ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են միասնական թեկնածու առաջադրել։ Դեռ քննարկումների փուլում են։ Մտադրությունից չեն հրաժարվի, քանի որ, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, Գլխավոր դատախազի տեղակալը չի կարող մարդկանց իրավունքների պաշտպան լինել. - «Դատախազության համակարգում աշխատող մարդը պետք է վերահսկի, օրինակ, դատախազության գործունեությունը... ակնհայտորեն շահերի բախում ունի»։

«Անաչառ ՄԻՊ-ը պարտադիր պետք է գնա ինչ-որ տեղեր և իշխանության դեմ ստատուսնե՞ր գրի, ինչպես տեսել ենք», - հակադարձում է Պապոյանը։

Մարդու իրավունքների պաշտպան, ըստ Սահմանադրության, կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձ։ Նոր թեկնածու անունը, սակայն, այսօր Երևանի փողոցներում մեզ հանդիպած քաղաքացիները չէին լսել։

Ինչպե՞ս է Մանասյանն արձագանքում ընդդիմադիրների ու քաղաքացիների մտահոգություններին։ Նրա կարծիքը լսել չհաջողվեց։ Մեր զանգերին չպատասխանեց։ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն երեկ Ազգային ժողովից հեռացել էր բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված հատուկ մուտքով ՝ խուսափելով լրագրողների հարցերից։

Օմբուդսմենի աթոռը թափուր է արդեն երկու ամիս։ Նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, որ կառավարությունից էր ՄԻՊ տեղափոխվել, մեկ տարի պաշտոնավարելուց հետո հրաժարական տվեց։ Այլ աշխատանքի առաջարկ էր ստացել։

Անահիտ Մանասյանի թեկնածությունը դեռ պետք է հաստատվի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, որտեղ իշխանակնները մեծամասնություն են։ Դրանից հետո նրա թեկնածությունը կքննարկեն հերթական նիստում։ Եթե նույնիսկ ընդդիմությունը դեմ լինի, իշխող խմբակցության ձայները բավարար են գլխավոր դատախազի տեղակալին օմբուդսմեն ընտրելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG