Մատչելիության հղումներ

«ԱԺ-ում փողոցային վարքագիծ էր, ՔՊ-ն իրեն վատ է պահում». իրավապաշտպան


Երեկվա նիստը, երբ իշխանականները սպառնում ու ծաղրում էին ընդդիմության օմբուդսմենի թեկնածու Էդգար Ղազարյանին, անհետևանք չի մնա, խոստանում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժոնախագահ Թագուհի Թովմասյանը։

«Առաջին քայլը, որ արվելու է, պետք է գլխավոր դատախազին գրություն ուղարկենք և պահանջենք քրեաիրավական բնույթի գնահատական», - նշեց Թագուհի Թովմասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը երեկ քննարկում էր օմբուդսմենի առաջադրման հարցը։ Ընդդիմության թեկնածուի քննարկման ժամանակ նիստը թեժացավ, երբ նա իր ելույթում գործող իշխանությանը հանցավոր ռեժիմ անվանեց, քննադատեց Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցության համար։

Իշխող խմբակցության պատգամավորները զայրացան, քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անցավ սպառնալիքների. - «Լեզուդ կկտեմ մի հատ էլ տենց խոսաս, մեր ժողովրդին մեկը բան ասաց լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը»:

«Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, և նա պիտի պատժվի, որովհետև այն սպառնալիքները, որոնք նա անթաքույց հնչեցնում էր պատգամավորների ներկայությամբ թեկնածուի հասցեին, այդ թվում և իմ հասցեին, նա պետք է պատժվի», - ասաց Թովմասյանը:

Էդգար Ղազարյանը լուռ լսում էր, երբեմն ռեպլիկներով արձագանքում՝ իշխանականների պահվածքը որակելով անհավասարակշիռ, խուլիգանական։

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին չէր հաջողվում լռեցնել իշխանականների և այդպես էլ բովանդակային քննարկում չեղավ. - «Թարգմանելու եմ և ուղարկելու եմ սղագրությունը այդ հանձնաժողովի նիստի, որպեսզի հասկանան, թե ժողովրդավարական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինչ մթնոլորտում է առաջադրվում իշխանության թեկնածուն կամ ինչ մթնոլորտում է մերժվում ընդդիմության թեկնածուն»:

Բացի դրանից ընդդիմադիր խմբակցությունները քննարկում են էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ Նախաձեռնության համար ընդդիմադիրների ձայները բավարար են, բայց որ հաստատվի նիստով, անհրաժեշտ են «Քաղաքացիական պայմանագրի» ձայները։ Ընդդիմադիր պատգամավորը կասկածում է, որ կհաջողվի։

«Իրենք կարող են քվեարկել ստեղծել և կարող են չստեղծել, և երկրորդր՝ էթիկայի հանձնաժողովի ձևավորումից հետո էլի պատիժ որպես այդպիսին չի լինելու», - նշեց Թովմասյանը:

Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ նույնպես մասնակցում էր այդ նիստին, դեմ չէ, որ դիմեն իրավապահներին։ Բայց Թագուհի Թովմասյանին ու Էդգար Ղազարյանին է մեղադրում նիստի տապալման համար։

«Արթուրը, փաստորեն, իր վրա վերցրեց հարվածը և կանխեց հնարավոր անցանկալի ընթացքը», - ասաց Աղազարյանը:

Իշխանության ներկայացուցիչը զարմանում է, որ թիմակցի խոսքերը սպառնալիք են ընկալում. - «Իհարկե, դա սպառնալիք չի, ուղիղ իմաստով սպառնալի չի: Պապան էլ, որ ջղայնանում է երեխայի վրա, ասում է՝ լեզուդ կկտրեմ, հո չի ասում՝ հեսա կբերեմ դանակը, կսրեմ մի հատ, հետո լեզուդ կկտրեմ: Այսինքն՝ նենց կանեմ, որ ձենդ կկտրես, որպեսզի հիմար-հիմար բաներ չասես, էդ իմաստով է»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ ասաց. - «ՔՊ-ն շատ վատ է իրեն պահում, բացահայտ անամոթությամբ է զբաղված»:

Ալեքսանյանը ակնկալիք չունի, որ Գլխավոր դատախազությունն այս գործին ընթացք կտա։ Իշխանականների արձագանքը ընդդիմության թեկնածուին համարժեք չէր, կարծում է Ալեքսանյանը։

«Դա պատգամավորի, խմբակցության քարտուղարի վարքագիծ չէ, դա փողոցային վարքագիծ է, կներեք, ես չեմ կարող այս բառերը չասել: Սա մի խայտառակ իրավիճակ էր՝ անամոթության բոլոր դրսևորումներով, և իրենք իրենց դեմ են անում այդ ամեն ինչը: Դա ինչ ազդեցություն է ունենում հանրության վրա, մենք տեսնում ենք», - ասաց նա:

Իրավապաշտպանի կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ իշխանության մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն հրաժարվեր այդ մթնոլորտում շարունակվող քննարկումից. - «Կարծում եմ, վստահ եմ՝ թեկնածուն, Անահիտ Մանասյանը, տեսել է՝ ինչպես են նվաստացնում Էդգար Ղազարյանին և պետք է հրաժարվեր ելույթ ունենալ այդ օրը, այդ մթնոլորտում: Ցանկացած մեկը պետք է այդպես իրեն պահեր, չընդուներ այդ իրավիճակը, պայմաններ ստեղծեին հավասար երկու թեկնածուների համար»:

«Քաղաքացիական պայմանագրի» քարտուղարը «Ֆեյսբուք»-ում այսօր գրառում է արել ու կրկնել Էդգար Ղազարյանի հասցեին նույն որակումները։ Նրան ու հանձնաժողովի նախագահին է մեղադրել կատարվածի համար։

XS
SM
MD
LG