Մատչելիության հղումներ

«Իմ շանսերը մոտ են 100 տոկոսին»․ Էդգար Ղազարյանը խորհրդարանական ընդդիմության ՄԻՊ միասնական թեկնածուն է


Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածուն է։ Վստահ է՝ հենց ինքն է դառնալու հաջորդ օմբուդսմենը, թեև գիտի, որ իշխանականների ձայներն ավելի շատ են։

«Իմ ընտրվելու շանսերը մոտ են 100 տոկոսին», - ասաց Ղազարյանը՝ մանրամասնելով․ - «Ազգային ժողովի գոյություն ունեցող երեք խմբակցություններից երկուսն առաջադրել են իմ թեկնածությունը»։

Դիտարկմանը, թե իշխող խմբակցության պատգամավորների թիվն ավելի մեծ է ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորների թվից, Ղազարյանն այսպես արձագանքեց․ - «Դուք պատգամավորների քանակը նկատի ունեք, ես խմբակցությունների քանակը նկատի ունեմ»։

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր է գրեթե երեք ամիս։ Նախկին պաշտպանը անսպասելի հրաժարական էր տվել հունվարին, և իշխող խմբակցությունը ամիսներ շարունակ թեկնածու չէր գտնում։ Մի քանի օր առաջ հայտարարեցին, որ առաջադրում են գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։

Այսօր օրվա ավարտին «Քաղաքացիական պայմանագիրը» պաշտոնապես առաջադրեց իր թեկնածուին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի ու «Հայաստան»-ի թեկնածուն, այդուհանդերձ, կարծում է՝ իշխանությունը քաղաքական շահը պետք է մի կողմ դնի ու հենց իրեն էլ ընտրի՝ իր ձևակերպմամբ հանրային շահը սպասարկելու համար։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքը նախատեսում է, որ Պաշտպանը պաշտպանում է մարդու և քաղաքացիների իրավունքները իշխանության մարմինների գործողություններից։ Եթե նա առաջադրված լինի կամ վայելի իշխանության վստահությունը, դա նշանակում է, որ կասկածի տակ է դրվում նրա ֆունկցիոնալ գործունեությունը՝ սահմանադրական ինստիտուտի, և անկախ իմ անձի հանդեպ, իմ հայացքների հանդեպ իրենց ունեցած պատկերացումներից իրենք պարտավոր են ընտրել ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուին», - ասաց Ղազարյանը։

Իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանը հակադարձում է՝ պնդելով՝ խմբակցությունում հստակ դիրքորշում ունեն. - «Ես ուրախ եմ Էդգար Ղազարյանի ներքին համոզմունքների համար, բայց պատասխանատու չեմ դրանց հետ կապված, ինչպիսի համոզմունք որևէ քաղաքացի ուզում է, կարող է ունենալ, մեր համոզմունքն է, որ հանրային շահը լավագույն կսպասարկի այն թեկնածուն, որին մենք առաջադրում ենք։ Մեր թեկնածուն շարունակում է մնալ Անահիտ Մանասյանը»։

Իշխանության թեկնածուն՝ 34-ամյա Անահիտ Մանասյանը, մասնագիտությամբ իրավաբան է, դատախազությունում աշխատանքի է անցել ընդամենը չորս ամիս առաջ, աշխատել է նաև Սահմանադրական դատարանում, եղել է դատարանի նախկին նախագահի խորհրդականը։

Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյան

Ընդդիմության թեկնածուն՝ 47-ամյա Էդգար Ղազարյանը, դեռ 90-ականներից քաղաքական տարբեր պաշտոններ է զբաղեցրել, Սահմանադրական դատարանի աշխատակազմը ղեկավարելուց առաջ Լեհաստանում Հայաստանի դեսպանն է եղել, նաև Վայոց Ձորի մարզպետը։ Վերջին տարիներին նա իշխանության կոշտ քննադատն է, իրեն հռչակել էր վարչապետի թեկնածու, Փաշինյանի հրաժարականն էր պահանջում։

Դիտարկմանը, որ քաղաքական դիրքորոշումը կարող է խանգարել պաշտպանել բոլորի իրավունքները, Ղազարյանը հակադարձեց՝ ինքը 2014-ից հասարակական գործունեություն է ծավալում. - «Ոչ թե քաղաքական դիրքորոշում, այլ հասարակական։ Ես այն խորին համոզմանն եմ, որ Հայաստանում իշխանության ղեկին, մասնավորապես գործադիր իշխանության ղեկին հայտնվել է հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին»։

Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, որ այսօր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց ընդդիմության առաջադրման մասին, կասկածում է իշխանության թեկնածուի անաչառությանը։ Օրեր առաջ «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ Կառավարությունից ՄԻՊ գրասենյակ գործուղված թեկնածուն ինչպե՞ս կարող է անկաշկանդ աշխատել։

«Մենք գործ ունենք կոնկրետ պաշտոնյայի հետ, որը մինչ այս կատարել է դատախազի հրահանգները և հիմա պիտի արդեն դատախազի դեմ գործի», - կարծում է ընդդիմադիր պատգամավորը։

«Ընդհանրապես տրամաբանությունը չեմ հասկանում, նախ և առաջ որովհետև դատախազությունն ապաքաղաքական մարմին է, հետևաբար ավելի տրամաբանական է ապաքաղաքական մարմնում աշխատած մարդկանց առաջադրել, և ցանկացած մարդ կարող է որևէ մարդու վերաբերյալ վերապահում ունենալ, օրինակ՝ մեկ այլ մարդ էլ կարող է Էդգար Ղազարյանի անաչառության վերաբերյալ վերապահում ունենալ, քանի որ նա կարծես թե ընդդիմադիր թեկնածու է եղել ինչ-որ այլ պաշտոնում», - ասաց Ղազարյանը։

Թեկնածուների առաջադրումը ուշացած է, ընդունում է իշխանական պատգամավորը։ Ըստ ՄԻՊ-ի մասին օրենքի՝ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Մինչդեռ ԱԺ կանոնակարգ օրենքը եռամսյա ժամկետ է սահմանում։ Փաստացի օրենքներում հակասություններ կան։ Իշխանական թևից փոխանցում են՝ ամենայն հավանականությամբ ՄԻՊ ընտրության հարցը կընդգրկվի առաջիկա լիագումար նիստերի օրակարգ։ Իշխանության ձայները բավարար են իր թեկնածուին ընտրելու համար։ Պաշտպանն ընտրվում է վեց տարի ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG