Մատչելիության հղումներ

Լեհաստանը հայտարարել է Ուկաինային ևս 10 «ՄիԳ» կործանիչներ տրամադրելու մասին


Ուկրաինայի նախագահը ելույթ է ունենում Վարշավայի կենտրոնական հրապարակում։
Ուկրաինայի նախագահը ելույթ է ունենում Վարշավայի կենտրոնական հրապարակում։

Ավելի վաղ Վարշավան Կիևին արդեն փոխանցել էր 4 կործանիչ։

Երեկ Վարշավայում նախագահ Զելենսկին հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ղեկավարության հետ, իսկ երեկոյան ելույթ է ունեցել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում։ Ընդ որում, հրապարակում հավաքված լեհերն ու ուկրաինացի փախստականները ողջունելով Զելենսկուն վանկարկում էին «Սլավա Ուկրաինե»։

Լեհաստանից ստացած կործանիչները անհրաժեշտ են ուկրաինական բանակին հակահարձակման համար։ Կիևը արդեն հայտարարել է, որ հակահարձակումը սկսվելու է առաջիկա շաբաթներին։ Սակայն չի հայտարարվում, թե կոնկրետ երբ և ռազմաճակատի որ հատվածում։

Մինչդեռ ռուսական ուժերը արդեն մի քանի ամիս է ինտենսիվ գրոհում են Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքը, սակայն դեռ ամբողջությամբ չեն կարողացել վերահսկողության տակ վերցնել այն։

Ռուսական ուժերը երեկ շարունակել են առաջխաղացումը Բախմուտում և շրջակայքում, հայտնում է պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը։ Ամերիկացի վերլուծաբաններն արձանագրել են ռուսական զորքերի առաջխաղացումը Բախմուտից հյուսիս-արևմուտք։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական ուժերը շարունակում են մարտերը Բախմուտում, սակայն կարող են հետ քաշվել՝ շրջապատումից խուսափելու համար։

Մինչ կատաղի մարտերը Բախմուտի համար շարունակվում են, Ուկրաինայի դաշնակիցները հայտարարում են՝ պատերազմին պետք է վերջ տալ։
Չինաստանը կարող է համոզել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Չինաստանում Սի Ծինպինի հետ հանդիպմանը։

Մակրոնը նաև համոզմունք է հայտնել, որ Չինաստանը «պետք է կարևոր դեր խաղա խաղաղության կառուցման գործում»։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ հենց դա քննարկելու համար է եկել Պեկին։ Ի պատասխան, Չինաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան խաղաղ բանակցություններ վարել որքան հնարավոր է շուտ։

Մակրոնը Պեկին է ժամանել երեքշաբթի, չորեքշաբթի նրան է միացել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Պեկինում Ֆրանսիայի նախագահն այսօր անդրադարձել է նաև միջուկային անվտանգությանը Եվրոպայում. - «Ֆրանսիան կիսում է այն կարծիքը, որ միջուկային զենքը պետք է բացառվի այս հակամարտությունից։ Պետք է հարգել միջազգային պայմանագրերը։ Միջուկային զենքը ոչ մի կերպ չի կարող տեղակայվել այլ երկրի տարածքում: Այս առումով բոլորին պետք է հիշեցնել իրենց պարտականությունները, հատկապես Ռուսաստանին, որը ավելի վաղ հայտարարեց, թե ցանկանում է միջուկային զենք տեղակայել Բելառուսում։ Սա հակասում է մեր պարտավորություններին և միջազգային իրավունքին»:

Ու մինչ Մակրոնը Պեկինում փորձում է համոզել Սի Ծինպինին որևէ կերպ չաջակցել Պուտինին, Ռուսաստանի նախագահը Մոսկվայում այսօր հանդիպել է Բելառուսի նախագահի հետ։ Անցած ամիս Պուտինը հայտարարել էր, թե Ռուսաստանը Բելառուսի տարածքում տեղակայելու է տակտիկական միջուկային զենք։

Ալեքսանդր Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկո

Այսօր սրա կապակցությամբ Մակրոնի Պեկինում արած հայտարարությանը անդրադրաձել է Բելառուսի նախագահը։ Նա ընդունել է, որ պետք չէ միջուկայաին զենք տեղակայել այլ երկրներում. - «Ես համաձայն եմ նրա հետ: Ուստի անհրաժեշտ է բոլոր ամերիկյան միջուկային զենքերը դուրս բերել այն հինգ կամ վեց երկրներից, որտեղ դրանք գտնվում են։ Կարծում եմ, որ ամբողջ միջուկային զենքն ընդհանրապես պետք է մի տեղում հավաքել և ամբողջությամբ ոչնչացել»։

Ի դեպ, Բելառւսում միջուկային զենք տեղակայելու մասին հայտարարելիս Պուտինը մի քանի անգամ շեշտել էր, թե Մոսկվան դա անում Լուկաշենկոյի խնդրանքով։

Այսօր Մակրոնի հայտարարությանը, թե Պեկինը պետք է ստիպի Մոսկվային կանգ առնել և բանակցություններ սկսել, պատասխանել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը հերթական անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «խաղաղ կարգավորման հեռանկարներ ցույց չի տալիս»։

Անսպասելիորեն հնարավոր բանակցություններից խոսել է պաշտոնական Կիևը։ Ուկրաինան չի բացառել ուկրաինական բանակի այս գարնանը սպասվող հակահարձակումից հետո Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավորությունը բռնակցված Ղրիմի ապագայի վերաբերյալ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան բրիտանական Financial Times-ին տված հացրազրույցում ասել է, թե հաջող հակահարձակման դեպքում նման բանակցությունները հնարավոր են․ - «Եթե մեզ հաջողվի հասնել մեր ռազմավարական նպատակներին մարտի դաշտում, և երբ հասնենք Ղրիմի հետ վարչական սահմանին, մենք պատրաստ ենք դիվանագիտական էջ բացել այդ հարցի քննարկման համար»։

Միևնույն ժամանակ Սիբիգան շեշտել է, թե դա ամենևին էլ չի նշանակում, որ ուկրաինական կողմը բացառում է Ղրիմը ռազմական ճանապարհով ազատագրելու տարբերակը։

Մինչդեռ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը երեկ հայտարարել էր, որ Ուկրաինան կկարողանա ազատագրել Ղրիմը հինգից յոթ ամսում, իսկ պատերազմը, Պոդոլյակի պնդմամբ, կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի ողջ տարածքը չի ազատագրվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG