Նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովում քննարկվել է պաշտպանական ծախսերն ավելացնելու անհրաժեշտությունը:
Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, թե մոտ ապագայում յուրաքանչյուր անդամ երկիր պետք է իր համախառն ներքին արդյունքի առնվազն 2 տոկոսը տրամադրի զինված ուժերի հզորացմանը:
Ստոլտենբերգի փոխանցմամբ՝ այսօրվա վտանգավոր աշխարհում թեժ մրցակցություն է, և անվտանգությունը չի կարելի համարել երաշխավորված, եթե դրա համար ներդրում չի արվում:
Դեռ 2014 թվականին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի լիդերները որոշել են մեկ տասնամյակում պաշտպանությանն ուղղված յուրաքանչյուր երկրի ծախսը հասցնել դրա ՀՆԱ-ի 2 տոկոսին:
Ռուսների կողմից Ղրիմն արդեն բռնակցվել էր, և ՆԱՏՕ-ի երկրների համար դաշինքի հզորացումը հրատապ հարց էր դարձել:
Այս ընթացքում իրավիճակն է՛լ ավելի է սրվել, քանի որ 2022-ի փետրվարին Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա:
Պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսին հասցնելու որոշումը պետք է ընդունվի այս տարվա հուլիսին Լիտվայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
Երեկվա հավաքում Ստոլտենբերգը վերստին խոսել է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության ու, մասնավորապես, Բելառուսի տարածքում մարտավարական նշանակության միջուկային զենք տեղակայելու որոշման մասին, հիշեցնելով, որ այդ հայտարարությունից ընդամենն օրեր առաջ Ռուսաստանը և Չինաստանը հրապարակել են համատեղ հռչակագիր, որով պարտավորվել են միջուկային զենք չտեղակայել իրենց սահմաններից դուրս:
«Բելառուսում տակտիկական միջուկային զենք տեղակայելու մասին հայտարարությունը հրապարակվել է ռուս-չինական համաձայնության ընդունումից հետո: Սա ընդամենն ապացուցում է, որ Ռուսաստանը դատարկ խոստումներ է տալիս, մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք Ռուսաստանի քայլերին», - ասել է Ստոլտենբերգը:
Երեկ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Ռուսաստանի կախվածությունը Չինաստանից հետզհետե ավելի նկատելի է դառնում:
Մասամբ դա բացատրվում է Ուկրաինայի պատերազմի առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով:
Ռուսները չինացիներից քաղաքական և նյութական աջակցություն են ակնկալում: Չինաստանը չի ճանաչում ուկրաինական տարածքների բռնակցումը, բայց և ուղիղ ու միանշանակ չի դատապարտում Ռուսաստանի հարձակումը հարևանի վրա: