Լաչինի միջանցքում նախօրեին շրջափակման մեջ հայտնված 27 քաղաքացիների առջև ադրբեջանցիները կոնկրետ պահանջ են դրել՝ եթե ուզում են Ստեփանակերտ հասնել, պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Պահանջներից մեկը դա էր, որ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը։ Չեմ կարող իրականում ասել՝ ինչպես, ինչ ձևով, որպեսզի թույլ տան անցնել։ Սրա մասին ուղղակի տեղում եղած քաղաքացիներն են վկայել, ասել, որ նմանատիպ զրույց եղել է», - ասաց Բեգլարյանը։
Հարցին, թե այլ խողովակներով նման պահանջ չի՞ հնչել, Պետնախարարի խորհրդականը պատասխանեց․ - «Եթե նկատի ունեք ոչ հրապարակային՝ պաշտոնական խողովակներով, ոչ, բայց անուղղակի քանի անգամ են իրենք ասել՝ այսպես կոչված ինտեգրացիա, որը փաստացի հպատակեցում է, մենք իրենց քաղաքացիներն ենք և այլն։ Դա նշանակում է, որ այդպիսի պահանջի հարց էլ չկա, իրենք իրենց տեսանկյունից դիտարկում են՝ իբր թե մենք իրենց քաղաքացիներն ենք։ Երևի ակնկալում են, որ մենք ուղղակի բանավոր կամ ինչ-որ մի ձևով նաև դա պետք է ընդունենք, որը որ իրենք, բնականաբար, չեն տեսնելու»։
Փետրվարի 4-ի գիշերը շուրջ 5 ժամ Լաչինի միջանցքում արգելափակման մեջ մնալուց հետո Արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել էր, նրանցից 3-ը ուշաթափվել էին։ Ադրբեջանցիներն արգելել էին ռուս խաղաղապահներին նրանց Ստեփանակերտ տեղափոխել՝ պահանջելով հիվանդներին տանել Շուշի, հետո համաձայնել Ստեփանակերտ տեղափոխել, բայց միայն իրենց շտապօգնության մեքենայով։
Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց՝ Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխված կանանցից 3-ը արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից, մեկը՝ դեռ բժիշկների հսկողության տակ է։
«Բայց, ընդհանուր առմամբ, կայուն էր իրավիճակը, որևէ վտանգ չէր սպառնում», - ասաց Բեգլարյանը։
Արցախի օմբուդսմենի տվյալներով՝ այս պահին միայն Գորիսում 120 արցախցի սպասում է Ստեփանակերտ վերադառնալու հերթական հնարավորությանը։
Արդյո՞ք առաջիկայում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ ուղևորվելու նոր հնարավերության կստեղծվի։ Արտակ Բեգլարյանի համոզմամբ, ընտանիքների միավորման գործընթացն առաջիկայում խիստ բարդ է լինելու։
«Հաշվի առնելով վերջին շրջանի զարգացումներն, այդ թվում՝ ադրբեջանական կողմից դիրքորոշումների կոշտացումը և՛ մեր հանդեպ, և՛ ռուս խաղաղապահների, և՛ Կարմիր խաչի հանդեպ, ավելի հավանական է, որ շատ ավելի դժվար կլինի ընտանիքների վերամիավորման գործընթացը, քան որոշ ժամանակահատված եղել է, չհաշված նաև ռազմական բնույթի սադրանքների ռիսկ և այլ, բայց մյուս կողմից, եթե միջազգային հանրության դերակատարները, այդ թվում՝ բնականաբար, ռուսական կողմն ու առաջնահերթորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, եթե իրենք որոշակի գործնական կոշտ միջոցների դիմեն, համոզված եմ, որ բավականին շատ հարցեր կարող են լուծվել, այդ թվում՝ շրջափակումը կարող է վերանալ։ Եթե Ադրբեջանը բարձր գին չվճարի, կամ բարձր գին վճարելու իրական ռիսկի առջև չկանգնի, համոզված եմ, որ շատ ավելի բարդ իրավիճակ է մեզ սպասվում, քան ներկայումս», - եզրափակեց Բեգլարյանը։