Երևանը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ հույս ունենալով, թե առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում։ Չնայած Արցախում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը՝ այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նման աշխատանքի, և հույս ունենք, որ Ստեփանակերտ-Բաքու ձևաչափում նման տրամադրվածություն կլինի թե՛ Բաքվի, թե՛ Ստեփանակերտի կողմից: Հասկանալի է, իհարկե, որ այս համատեքստում միջազգային պատշաճ մեխանիզմների և երաշխիքների գործարկումը չափազանց կարևոր է», - ասաց նա:
Չնայած այսպիսի ակնկալիքներին՝ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլև օրեր առաջ կրկին ներխուժել է խաղաղապահների պատասխանատվության գոտի, ինչն արձանագրել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Խոսքը Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը դիտարկող բարձունքը գրավելու մասին է, ինչի հետևանքով խզվել է Շուշիի շրջանի 4 գյուղերի կապը Ստեփանակերտի հետ։
«Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշումը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին, այլև ավելի է սրում է իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղի նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով», - նշեց նա։
Փաշինյանը պրոպագանդիստական սուտ անվանեց Ադբեջանի պնդումները, թե ճանապարհը վերցրել են վերահսկողության տակ, քանի որ դրանով «Հայաստանից անձնակազմ ու ռազմական բեռներ են փոխադրվել Արցախ»։
«Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում և Լեռնային Ղարաբաղում բանակ չունի», - կրկնեց վարչապետը՝ շարունակելով.- «Այս փաստը ստուգելու համար Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկը, հիշեցնեմ, Ադրբեջանն ինքն է մերժել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ: Բայց այդ առաջարկն ուժի մեջ է, և կարծում եմ՝ միջազգային մակարդակում այս հարցը վերջնականապես պարզաբանելու կարիք կա, և դրա միջոցը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ գործուղելն է», - հայտարարեց ՀՀ ղեկավարը։
Արցախն, այնուամենայնիվ, ունի բանակ. Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի գոյությունը պարզաբանվում է նրանով, որ «Ադրբեջանը Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում», ասաց Փաշինյանը՝ նույն համատեքստում դիտարկելով նաև Լաչինի միջանցքի փակումն ու Արցախում այգիներ մշակող գյուղացիների ուղղությամբ կրակելու՝ վերջին շաբաթներին գրեթե ամեն օր հաղորդվող դեպքերը։ Այսօր ևս Արցախից հաղորդեցին, որ Մարտունու շրջանի Բերդաշեն, ինչպես նաև Թաղավարդ գյուղերի բնակիչների ուղղությամբ կրակոցներ են եղել, ինչի հետևանքով նրանք ստիպված են եղել դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։
Բաքուն կրկին սպառնում է
Փաշինյանի այսօրվա հայտարարություններին չուշացավ Բաքվի արձագանքը։
«Հայկական կողմը պետք է ամբողջությամբ դուրս բերի զինված ուժերը Ադրբեջանի տարածքից և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներից»,-հայտարարել է Արտգործնախարարության խոսնակը՝ սպառնալով առաջիկայում ևս միջոցներ ձեռնարկել՝ «կասեցնելու ռազմամթերքի տեղափոխումը Հայաստանից Ղարաբաղ»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ գործուղելու առաջարկին, ըստ Բաքվի՝ դա իրենց ներքին գործերին միջամտելու փորձ է։
Զենքերի փոխադրման մասին պնդումները Բաքվի կողմից պատրվակ են ճնշումները Արցախի նկատմամբ մեծացնելու համար. քաղաքագետ
«Այդ ճանապարհն, այո, օգտագործվում էր Արցախի շրջափակումը մասնակիորեն մեղմելու համար, այսինքն՝ որոշ մարդիկ ելումուտ էին անում այդ ճանապարհի միջոցով, նաև հումանիտար օգնություն էին փոխանցում։ Ադրբեջանական կողմն այդպես էլ չի կարողացել որևէ ապացույցներ ներկայացնել, այսինքն՝ ինչ-որ տեսահոլովակներ են հրապարակել, որտեղ ոչինչ ընդհանրապես չի երևում։ Գիտենք նաև, որ այս պնդումը չեն կարողացել ապացուցել Արդարադատության միջազգային դատարանում», - ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Թեև Պաշտպանության բանակը զինաթափելը Ադրբեջանի գլխավոր նպատակներից է, այնուամենայնիվ զենքերի փոխադրման մասին պնդումները Բաքվի կողմից պատրվակ են ճնշումները Արցախի նկատմամբ մեծացնելու համար, նկատում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը. - «Այստեղ նաև օգտագործում են այս հարցը այլ նպատակներին հասնելու համար, մասնավորապես Լաչինի միջանցքում անցակետեր տեղադրելու համար, վերոնշյալ ճանապարհների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար»։
Ինչու է Հայաստանի վարչապետը Ադրբեջանի հետ լարված հարաբերությունների ֆոնին կրկին խոսում խաղաղության պայմանագրին Երևանի հավատարմության մասին, քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ Երևանի այս հավաստիացումները առաջին հերթին ուղղված են միջազգային հանրությանը։
Այս ֆոնին Հայաստանի վարչապետն այսօր Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքների մասին հեռախոսով զրուցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, մտքեր են փոխանակվել նաև «Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ»։