Մատչելիության հղումներ

Հինգ կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ԱԱԾ


Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին Կոռնիձորի կամուրջի հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում, հայտարարում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ ըստ էության արձագանքելով Բաքվի պնդումներին։

Ոչ Երևանը, ոչ Բաքուն դեռ չեն հստակեցնում, թե որտեղ և կոնկրետ ինչ են պայմանավորվել։

Տեղակայման ընթացքում, սակայն, ըստ հայկական ԱԱԾ-ի, ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:

«Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացրել ինժեներական աշխատանքներ», - ասված է հաղորդագրության մեջ։

ԱԱԾ-ն հավելում է, որ հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել:

«Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության», - նշում է ծառայությունը։

Հաղորդագրության մեջ իրավապահ կառույցը հիշատակել է 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայն որոնց՝ 2023թ. ապրիլի 1-ից Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: Նախորդ օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից, հաղորդում է ԱԱԾ-ն՝ կրկին հղում անելով օգոստոսյան պայմանավորվածություններին։

Այժմ, ըստ ԱԱԾ-ի, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:

Ադրբեջանական կողմի պնդմանը, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ, հիմնական ու օժանդակ ճանապարհներ և Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև ընկած տարածքը, այսօր արձագանքեց վարչապետ Փաշինյանը, սակայն, վստահեցրեց, թե հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան - Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել։

Թե ինչո՞ւ է որոշում կայացվել այդ հատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները փոխարինել Սահմանապահ զորքերով, և արդյո՞ք դա անվտանգային խնդիրներ առաջ չի բերի, Փաշինյանը չպարզաբանեց, միայն նշեց, թե նույն առաջարկն արել են Ադրբեջանին։

Բարձունքներ գրավելու ադրբեջանական կողմի այսօրվա հայտարարությանը արձագանքեց նաև պաշտոնական Ստեփանակերտը, նշելով, որ Ադրբեջանի զինուժն այսօր գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Միաժամանակ Արցախից փոխանցում են, որ արդեն իսկ պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր նոր ավտոճանապարհը, որով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

XS
SM
MD
LG