Մատչելիության հղումներ

Հավանաբար Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են Պուտինի ձերբակալությունը շրջանցելու հարցը. քաղաքագետ


Մոսկվան Երևանի հետ բարձր մակարդակով քննարկում է Միջազգային քրեական դատարանի կանոնագրքի հնարավոր վավերացման հարցը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։

Մարիա Զախարովան փակագծեր չի բացել, թե մասնավորապես ինչ են քննարկում։
«Ենթադրում ենք, որ այս հարցը կկարգավորվի դաշնակցային ու փոխընդունելի ձևով», - ասել է Զախարովան։

Հայաստանի կառավարությունից էլ դեռ մանրամասներ չեն հայտնում։

Քաղաքագետ Արմինե Մարգարյանի կարծիքով՝ ճիշտ է, որ Հայաստանը դաշնակից Ռուսաստանի հետ քննարկում է այս նուրբ հարցը, ի վերջո Միջազգային քրեական դատարանը Պուտինին կալանավորելու որոշում է կայացրել, իսկ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է։

«Իրականում շատ նուրբ իրավիճակ է ստեղծվել․ որովհետև մի կողմից հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ են, բայց մյուս կողմից վավերացման հարցը մեզ համար ռազմավարական նշանակության հարց է, այսինքն՝ մեզ օգնելու է ռազմավարական խնդիրներ լուծել, բայց, բնականաբար, պետք է դա դուր չգա մեր ռազմավարական դաշնակցին, քանի որ այդտեղ հարվածում է իր շահերին», - ասաց քաղաքագետը։

Անցած շաբաթավերջին Հայաստանի Սահմանադրական դատարանը հայտարարեց, թե Միջազգային քրեական դատարանի կանոնագիրքը համապատասխանում է Հայաստանի մայր օրենքին։ Եթե այն վավերացվի նաև խորհրդարանում, Հայաստանի իրավապահները կպարտավորվեն ձերբակալել Ռուսաստանի նախագահին, երբ նա Հայաստան այցելի։

Միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին Ռուսաստանի նախագահին ձերբակալելու որոշում է ընդունել՝ Ուկրաինայի դեմ պատերազմական ենթադրյալ հանցագործության համար։ Արմինե Մարգարյանի կարծիքով՝ կողմերի քննարկման առարկան հավանաբար Պուտինի այցն է։


«Օրինակ, կարող է Հայաստանը որոշակի վերապահումներ վավերացնել ստատուսի, այնպիսի վերապահումներ, որը շրջանցի Վլադիմիր Պուտինի վերաբերյալ կայացրած որոշումը։ Համաձայն եք չէ՞, որ մեզ ավելորդ լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում անհրաժեշտ չէ», - ասաց Մարգարյանը։

Հայաստանի կառավարությունն անցած տարվա վերջին նիստում էր որոշել փաստաթղթի վավերացման գործընթաց սկսել, որ Միջազգային դատարանը պատժի Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների համար։ Սահմանադրական դատարանի որոշումից երեք ամիս անց կառավարությունը կարող է դիմել խորհրդարան՝ այն վավերացնելու համար։

Մոսկվան դեռ անցած շաբաթ էր դժգոհություն հայտնել Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի մտադրության վերաբերյալ, որ այն «չափազանց բացասական» հետևանքներ կարող է ունենալ հայ-ռուսական հարաբերությունների համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG