Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը, այսօր հայտարարեց Սահմանադրական դատարանը։
Հայաստանը միջազգային այդ փաստաթուղթը ստորագրել է մոտ 25 տարի առաջ։ Սակայն 2004 թվականին Սահմանադրական դատարանը որոշել էր, թե փաստաթղթով ամրագրված որոշ պարտավորություններ չեն համապատասխանում Հայաստանի մայր օրենքին։
Սահմանադրական երկու փոփոխություններից հետո իրավիճակ է փոխվել, այսօր հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը. - «Դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննության առնելով 1998 ի հուլիսի 17-ին ստորագրած «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, որոշեց. 1. 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը»։
Հայաստանի կառավարությունը անցած տարվա վերջին նիստում էր որոշել փաստաթղթի վավերացման գործընթաց սկսել։ Որպես հիմնավորում նշվել էին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ։
«Կանոնադրության վավերացման անհրաժեշտությունը և հրատապությունը առաջին հերթին պայմանավորված է դեռևս 2021 թվականի մայիսից սկսած և այնուհետև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայով և տարածքների օկուպացիայով», - նշել էր Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պարզաբանելով, որ Միջազգային քրեական դատարանը կարող է քննել Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները, եթե անգամ Բաքուն չի վավերացրել այդ փաստաթուղթը։
Այժմ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Հռոմի կանոնադրությունը չի հակասում Հայաստանի մայր օրենքին, հարցը պետք է քննի ու վավերացնի խորհրդարանը։ Իշխող ուժից դեռևս չեն հստակեցրել՝դեմ են քվեարկելու, թե կողմ։
Մինչ այդ մամուլը փաստում է, որ հայաստանյան դատարանի այսօրվա որոշումը համընկավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի հայտարարած հետախուզման ու նրա ձերբակալության որոշման հետ։
Եթե Հայաստանի խորհրդարանը վավերացնի միջազգային այս կանոնադրությունը, ապա հենց Պուտինը ժամանի Հայաստան, հայ իրավապահները պարտավոր կլինեն ձերբակալել նրան և հանձնել միջազգային դատարանին, ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը. - «Վավերացնելուց հետո, ըստ էության, արդեն պարտավորություն է ծագում Հայաստանի կողմից, որպեսզի նրան ձերբակալեն։ Նպատակահարմար էր սպասելը։ Որովհետև հիմա ի վերջո մեր դաշնակիցն է։ Եթե շտապ ուղարկեցին, շուտ մտավ ԱԺ, ուրեմն պայմանավորված են եղել։ Բայց իմ կարծիքով, գործընթացը կանգ կառնի»։
Պաշտոնական Մոսկվան արդեն արձագանքել է Երևանում ընդունված որոշմանը։
Ի պատասխան հարցին, թե արդյոք Հայաստանը հստակեցրել է՝ պատրաստ է ձերբակալել ՌԴ նախագահին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ դեռ այդ հարցը չի քննարկվել, բայց կքննարկվի։
Ըստ օրենքի, կառավարությունը Սահմանադրական դատարանի որոշումից հետո երեք ամիս ունի՝ խորհրդարանի վավերացմանը դիմելու համար։