Մատչելիության հղումներ

Հռոմի կանոնադրությանը միանալու վերաբերյալ Մոսկվայի արձագանքը «սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը». արձագանքներ


Միջազգային քրեական դատարանին միանալու մտադրության առնչությամբ Ռուսաստանից հնչող դժգոհություններին պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել։

Մոսկվայից երեկ նախազգուշացրել էին` դա «չափազանց բացասական» հետևանքներ կունենա հայ-ռուսական հարաբերություններում։

Ռուսաստանի արտգործնախարարության անանուն աղբյուրն, ըստ ՏԱՍՍ֊ի, ասել է․ - «Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու պաշտոնական Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ Միջազգային քրեական դատարանի վերջին ողորմելի և իրավաբանորեն անվավեր «օրդերի» համատեքստում»։

Պետական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը նաև շեշտել է, որ հայկական կողմը զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։

Ռուսական պետական լրատվամիջոցը չի հստակեցնում՝ Մոսկվան ինչ զգուշացում է ուղարկել Երևանին, Հայաստանի արտգործնախարարությունից էլ չեն արձագանքում։ Հայտնի է միայն, որ երեկ Ռուսաստանի արտգործնախարարությունում է եղել Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը, նրան ընդունել է փոխարտգործնախարար Գալուզինը։ Պաշտոնական Մոսկվայի հաղորդագրությունում, սակայն, Հռոմի կանոնադրության մասին խոսք չկա, նշվում է միայն, որ քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը Մոսկվայից հնչող դժգոհությունները բացահայտ սպառնալիք է համարում ազգային անվտանգությանը. - «Կարծում եմ՝ պետք է շատ լուրջ վերաբերվել դրան»։

Բաղդասարյանի կարծիքով՝ այս ընթացքում, երբ Ռուսաստանի նախագահին ձերբակալելու օրդեր կա, Հայաստանի իշխանությունները պետք է հետաձգեն Հռոմի կանոնադրության վավերացումը ցանկացած պատրվակով։

«Որևէ ողջամիտ իշխանություն, կարծում եմ, պարզապես կսառեցներ իրավիճակը։ Հայաստանի իշխանությունները ինչպես կվարվեն՝ չգիտեմ, որովհետև ցավոք սրտի, ոչ միշտ են առաջնորդվում ողջամիտ քայլերի տրամաբանությամբ», - ասաց նա։

Քաղաքական մեկնաբանը համոզված է՝ եթե իշխանությունները վավերացնեն միջազգային քրեական դատարանին միանալու համաձայնագիրը, Մոսկվան այդ պատրվակը կօգտագործի ընդդեմ Հայաստանի՝ իր հակահայկական պահվածքն արդարացնելու համար. - «Ռուսաստանը ֆորմալ առումով Հայաստանի դաշնակիցն է, բայց գործնականում ավելի շատ թուրք-ադրբեջանական տանդեմի դաշնակիցն է, և այդ առումով Ռուսաստանն իմիջային լուրջ խնդիրներ ունի: Հիմա Ռուսաստանին պետք կլինի արդարացնել իր այդ տարօրինակ քաղաքականությունը։ Իսկ եթե ՀՀ-ն կանոնագիրքը վավերացնի, Ռուսաստանը դա կարող է օգտագործել որպես պատրվակ` արդարացնելու, թե ինչու ոչ թե իր դաշնակցի կողքին է, այլ` նրանց թշնամիների»։

Հայաստանի Սահմանադրական դատարանն անցած ուրբաթ որոշեց, որ միջազգային դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

Այս որոշումից օրեր առաջ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահին ձերբակալելու հրաման տվեց պատերազմական ենթադրյալ հանցագործությունների համար։ Միջազգային իրավունքի մասնագետները պնդում են՝ եթե Հայաստանը ի վերջո դառնա Միջազգային քրեական դատարանի անդամ, ապա Երևան ժամանելու դեպքում Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի։

Հայաստանյան իշխանությունները Միջազգային քրեական դատարանին միանալու գործընթացն ամիսներ առաջ էին սկսել, հիմնավորել` այդ դեպքում Հայաստանը կարող է արդարադատության առաջ կանգնեցնել Ադրբեջանին ռազմական ու այլ հանցագործությունների համար։ Խորհրդարանի խոսնակն էլ օրերս ասել էր՝ այս գործընթացը որևէ մեկի կողմ կամ դեմ չէ, նպատակը միայն Ադրբեջանի գործողությունները միջազգային ատյանում քննելն է։

«Այս գործընթացը սկսվել էր կոնկրետ մեր երկրի առջև ծագած խնդիրները լուծելու հետ կապված, դա միանշանակ է։ Խնդիրները մնացել են, խնդիրները կան, և դրանք մենք պարտավոր ենք լուծել, և հրաժարվելը կնշանակեր ճանապարհի կեսից կանգ առնել, հրաժարվելը կնշանակեր անել հետ քայլ, որն աշխատելու է Հայաստանի դեմ», - ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Նա Մոսկվայի արձագանքը Հայաստանի ներքին գործերի ակնհայտ միջամտություն, սպառնալիք է համարում, ոչ բարեկամական երկրի պահվածք. - «Հրապարակավ չեն ցանկանում նրանք դա ասել, որովհետև իրենք էլ են հասկանում, որ այսպես չի կարելի, բայց ոչ միայն Հայաստանը, այլ նաև հետխորհրդային մշատ երկրներ տարիներ շարունակ հանդուրժել են Մոսկվայի կողմից նման թելադրանքները և սպառնալիքները, դա Մոսկվայի համար դարձել է սովորական երևույթ»։

Հայաստանի կառավարությունը դեռ չի պարզաբանում՝ պատրաստվում է արդյոք Հռոմի կանոնադրությունը ուղարկել Ազգային ժողով՝ վավերացման։ Դրա համար երեք ամիս ժամանակ ունի։ Իշխող ուժից էլ չեն հստակեցնում՝ կողմ, թե դեմ կքվեարկեն միջազգային համաձայնագրին։

XS
SM
MD
LG