«Թող ասեն, որ ձեր անվտանգությունը սպանելով ենք ապահովում»,- ասում է ստեփանակերտցի Գայանե Առստամյանը, որն այսօր այլ արցախցիների հետ խաղաղապահների մշտական տեղակայման վայրում էր միակ պահանջով՝ «ապահովեք մեր անվտանգությունը»:
«Մեր հայրերը, մեր եղբայրները ենթարկվում են սպանդի այն տարածքում, որտեղ դուք երաշխավորել եք մեր անվտանգությունը», - ասաց նա:
Կիրակի օրվա արյունոտ միջադեպը, երբ ադրբեջանցի 15 զինծառայողներ հատել էին շփման գիծը, դարանակալել անտառում, ապա հարձակվել հերթափոխի մեկնող ոստիկանական «ՈՒԱԶ»-ի անձնակազմի վրա, էլ ավելի է ծանրացրել 86 օր շրջափակման մեջ ապրող արցախցիների տրամադրությունները։ Այսօր նրանք ինքնաբուխ հավաք էին հրավիրել ոստիկանության երեք զոհված ծառայողների հուղարկավորությունից հետո:
«Եռակողմ պայմանագրով առաքելություն եք ստանձնել, կամ կատարեք, կամ հեռացեք», - ասում է Սոսե Բալասանյանը: Նրա տպավորությամբ՝ խաղաղապահները միշտ ուշանում են ողբերգությունը կանխելիս. «Եկել ես, որպես եղբայր պետություն ես ձևացել, ուզեցել ես մեզ օգնես, բայց երբեք ժամանակին ձեռք չես հասցրել, թողել ես պատերազմ լինի, մարդկանց կոտորեն, ցեղասպանություն լինի, վերջում գաս»:
Եվ միայն այս կիրակիի միջադեպը չէ, էլի դեպքպեր են հիշում, երբ ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական զինուժը կրակել ու սպանել է խաղաղ արցախցուն։ Ռուսների դեմ չենք խոսում, պահանջում ենք, որ իրենց առաքելությանը տեր կանգնեն, ասում է Հայկ Ավանեսյանը. «Այս դեպքերը, որ եղել են երեկվա, կապ չունի, այն դեպքերը, որ Շուշիում այն տղային սպանեցին, գյուղում տրակտորիստին սպանեցին, իրենց մեղքով են»:
«Հիմա ես՝ որպես Արցախի քաղաքացի, մտածում եմ, որ կարող է հաջորդը ես լինեմ, կարող է հաջորդը իմ երեխաները առանց հայր մնան: Սա է մեր ակցիայի նպատակը՝ ասելու ռուս խաղաղապահներին, որ կատարեք ձեր՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը», - հավելեց Դավիթ Ղահրամանյանը:
Մի խումբ արցախցիներ ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում մնացին մի քանի ժամ, այդ ընթացքում փակեցին նաև տարածքի ելումուտը։
Տարածված մի քանի տեսանյութերում ակցիայի մասնակիցների ու ռուս զինվորականների երկխոսությունն է՝ արցախցի տղամարդը ռուս սերժանտին առաջարկում է քաջություն դրսևորել ճամփան փակած ադրբեջանցիների մոտ, հետո մեկ այլ զինծառայողի է նույնն առաջարկում:
Այդ մի զինվորականը Ուկրաինայի պատերազմից էր Արցախ եկել:
«Մենք ո՞վ ենք, ձեր պահանջները հրամանատարությանը հասցրեք», - ասում էին ռուս զինվորականները՝ հընթացս հիշեցնելով, թե ինչ լավություն են անում պաշարման մեջ գտնվող արցախցիների համար՝ սնունդ են բերում. «Ամեն օր ձեզ մթերք եմ բերում»:
«Փողով», - նետեց արցախցի տղամարդը:
«Ոչինչ չեմ աշխատում», - հետևեց պատասխանը։
Մի փոքրիկ կոթող կար խաղաղապահների տեղանքում, «որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղությունն է» գրությամբ: Ակցիայի մասնակիցները նկատեցին ու հորդորեցին հետևել դրան:
«Եթե ի վիճակի չեք այստեղ խաղաղություն ապահովել, թող ՄԱԿ-ի խաղարար ուժերը գան», - ասում է Գայանե Առուստամյանը. «Այս պահին մեր ուժերը չեն հերիքում ինքնապաշտպանվել: Եվ իրենք խոչընդոտում են, որ մենք ինքնապաշտպանվենք, ասենք այստեղ տեղափոխվի զենք և այլն, իրենք փակել են ու խոչընդոտում են, մյուս կողմից՝ չեն ապահովում մեր անվտանգությունը»:
Արցախցի ընդդիմադիր Տիգրան Պետրոսյանն էլ կոշտ մեթոդի կողմնակիցն է՝ պետք է խաղաղապահների հրամանատար Վոլկովի հրաժարականը պահանջել:
«Չորս կողմից թուրքերով շրջափակված ենք, և թուրքը երեկ ցույց տվեց՝ ինչ է ուզում մեզ հետ անել», - ասում է նա:
Կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր, Ադրբեջանից արցախին ուղղված վերջնագիրն է, որի մասին երեկ հայտարարեց նախագահ Արայիկ Հարությունյանը, հետո ժամեր անց պաշտոնական Բաքուն շարունակեց սպառնալիքները, թե Հայաստանից զինամթերք է տեղափոխվում, ստիպված են միջոցներ ձեռնարկել։ Ադրբեջանը փորձում է առավելագույնն ստանալ 2020-ի հաղթանակից, այսինքն՝ կուլ տալ Արցախը, ասում է ստեփանակերտցի Գայանե Առստամյանը: Նա որևէ ինտեգրացիա չի պատկերացնում, իր խոսքով՝ «ահաբեկիչների հետ ի՞նչ ապրել»:
«Հարյուր տարի առաջ իրենք գոյություն չունեին, այսօր տնից ուզում ես հանես, վզիս դնես որպես ի՞նչ, ես հազարմյակներով այստեղ ապրել եմ ու կապրեմ»: