Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը միշտ են եղել և մնում են հրատապ ԱՄՆ-ի համար. Փրայս


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը միշտ են եղել և մնում են հրատապ Միացյալ Նահանգների համար, քանի որ «սա նրբանկատ իրավիճակ է»: Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե մեծացրել է արդյոք Վաշինգտոնի համար այդ ջանքերի հրատապությունը ամերիկյան հետախուզության՝ նախօրեին արված հայտարարությունը:

Ըստ հարցի հեղինակի՝ ԱՄՆ հետախուզությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածություն է կանխատեսում խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում:

«Դա մի իրավիճակ է, որը չափազանց հակված է դեպի բռնությունը, ինչը մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, և դա մի երկարատև հակամարտություն է, որ Միացյալ Նահանգները կցանկանար անել ամենը, ինչ կարող է, դրա լուծմանն աջակցելու համար», - շարունակել է Պետդեպարտամենտի խոսնակը:

«ԱՄՆ-ը կշարունակի երկկողմանի աշխատանքը այդ երկրների հետ, եռակողմ աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ աջակցելով երկխոսության և դիվանագիտության նրանց ջանքերին, նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով՝ օգնելով այս երկրներին ինքնուրույն դիվանագիտություն վարել և հասնել համաձայնությունների, որոնց, հուսով ենք, կկարողանան հասնել», - ընդգծել է Նեդ Փրայսը:

Կիրակի առավոտյան Ստեփանակերտը հաղորդեց, որ Արցախում ոստիկանական ավտոմեքենայի վրա ադրբեջանցիների զինված հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք, վիրավորվել՝ մեկ սպա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է երկու, վիրավորվել՝ առնվազն մեկ զինծառայող։ Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է միջադեպի տեսանյութը, չնայած դրան՝ Բաքուն սեփական վարկածն է պնդում, թե առաջինը հայկական կողմն է կրակել «օպերատիվ տեղեկատվության հիման վրա ստուգում իրականացնելու համար» մեքենային մոտեցած ադրբեջանցի զինծառայողների վրա:

XS
SM
MD
LG