Ադրբեջանական զինուժն այսօր ևս Արցախում կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, տուժածներ չկան, հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
Ոստիկանության Մարտունու բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ «առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ. Ջիվանյանը, Գ. Ղուկասյանը, Կ. Դավթյանը, Ա. Ադամյանը և Դ. Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում»:
«Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները», - ասված է հաղորդագրությունում:
Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Սա գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցիների ուղղությամբ կրակոցների հերթական դեպքն է վերջին շաբաթների ընթացքում: