Մատչելիության հղումներ

«Ինքն ասում է՝ լավ եմ, բայց մինչև դեմ դիմաց իմ էրեխուն չտեսնեմ, չեմ իմանա՝ լավ է». երեկ մոլորված զինծառայողը հայտնաբերվել է


Սյունիքի մարզի Սև լճի տարածքում մոլորված պայմանագրային զինծառայող Մարտիրոս Գյուլամբարյանի հայրը որդու գտնվելու մասին լուրն առավոտյան հեռախոսով է իմացել՝ տագնապով ժամեր շարունակ տղայի ծառայակիցներին զանգելուց, հարցուփորձ անելուց հետո։

«Առավոտը զանգեցի մեր տղաներին, ասացին, որ հեսա ռուսները, Կարմիր խաչը, մեր կորպուսի հրամանատարը գալիս են, որ գնանք էդ նույն տեղը, մի ժամ հետո զանգեցի, ասի, տեսնեմ ինչ ա, գնամ, ասաց՝ էլ ի՞նչ ես անում գալը, արդեն էրեխուն ճարել ենք», - նշեց հայրը:

Թե ինչպես էր տղան մոլորվել, փրկվել, հայրը չգիտեր, մեր այցի պահին դեռ տուն չէր եկել. - «Ինքն ասում ա՝ «լավ եմ», բայց ես մինչև դեմ դիմաց իմ էրեխում չտեսնեմ, չեմ իմանա՝ լավ ա-վատ ա»:

Պայմանագրայինն այսօր որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում է հայտնաբերվել: Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում ասաց, թե ավագ ենթասպային հայաստանյան անվտանգության մարմիներն են գտել. - «Գերի չի ընկել, ենթասպան հայտնաբերվել է»:

Ռազմական գերատեսչությունը երեկ հայտնել էր, որ զինծառայողը մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Բաքուն հերքել էր այս լուրը՝ պնդելով, որ հայ զինծառայող չեն գերեվարել։

«Ընդեղ մոլորվելու տեղ չկա, ինձ թվում ա, ամպ ա եղել, իրանք եկել են հարձակվել են վրեն, թե ինչ են արել», - ասաց հայրը:

Համացանցում տեղեկություններ էին տարածվում, թե զինվորին փնտրելու ընթացքում ռուս սահմանապահները հայտնվել են ադրբեջանցիների թիրախում ու վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին պայմանագրայինի հայրն էլ էր լսել։ Մինչդեռ ոչ Հայաստանի պաշտպանության նախարարությունից, ոչ էլ Սյունիքի մարզպետարանից ռուս զինծառայողների առնչությամբ որևէ միջադեպի մասին դեռ չեն հայտնել։

«Դե ասում են՝ երեք ռուս գնացել են, որ տեսնեն տղաս թուրքերի մոտ ա, թե որտեղ ա, կրակել են, երկուսը վիրավորվել են», - ասաց էդիկ Գյուլամբարյանը:

Գորիսի բժշկական կենտրոնից հաստատում են՝ ազգությամբ ռուս 2 զինծառայող են ընդունել, սակայն կենտրոնի տնօրենը Դավիթ Մաշուրյանն «Ազատությանն» ասաց, թե իրենք չգիտեն՝ ինչի հետևանքով են վիրավորվել ռուս զինծառայողները։ Ըստ Մաշուրյանի՝ նրանք հրազենային վիրավորում չեն ունեցել։

«Մարտի 21- երեկոյան Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով՝ ոչ հրազենային: Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից», - ներկայացրեց Գորիսի ԲԿ տնօրենը:

Սյունիքի Սև լճի տարածքում առաջին անգամ չէ, որ զինվոր է մոլորվում։ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումից՝ 2021 թվականի մայիսից հետո առնվազն 4 զինվոր է մոլորվել տարածքում ու գերեվարվել, նրանք, սակայն, ավելի ուշ վերադարձվել են հայկական կողմին։

XS
SM
MD
LG