15 զինծառայողների կյանք խլած հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ զինվորականի՝ զորամասի վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանին։ Նա մեղադրվում է պաշտոնեական անփութության համար։ Զինվորականի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Վաշտի հրամանատարը, ըստ դատախազության, չի կատարել իր պարտականությունները, չի ապահովել վաշտին հակահրդեհային պաշտպանության միջոցներով, ինչի հետևանքով ազգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ։
Ավելի վաղ, այս գործով մեղադրանքներ էին առաջադրվել ևս 3 զինվորականի։ Կալանավորված զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղաբեկյանը և զորամասի կոմունալ շահագործման ծառայության, հակահրդեհային պաշտպանության ծառայության պետը նույնպես մեղադրվում են պաշտոնեական անփութության համար։ Ըստ պաշտոնական վարկածի՝ կրակի վրա բենզին լցրած վաշտի կապիտան Եղիշե Հակոբյանը, որը դեռ հիվանդանոցում է, մեղադրվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով։
Քննչական կոմիտեի խոսնակի փոխանցմամբ՝ կապիտանը օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվում է ցուցմունք տալ. - «Դեռևս չի հարցաքննվել, նա օգտվում է իր դատավարական իրավունքից, հարմար պահին, երբ որ ինքն էլ ցանկություն ունենա ցուցմունք տալու, այդ քննչական գործընթացն անպայման կիրականացվի»:
Մեղադրյալ Եղիշե Հակոբյանի փաստաբանը մինչդեռ հակադարձում է՝ իր պաշտպանյալը չի հրաժարվում ցուցմունք տալուց, այսօր էլ հանդիպել է նրան, և կապիտանը շատ է ուզում խոսել։ Դա բխում է նաև իր շահերից, պարզապես դեմքի այրվածքները թույլ չեն տալիս։ Փաստաբան Հովսեփ Սարգսյանի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ Եղիշե Հակոբյանը ցուցմունք կտա։
«Քննչական կոմիտեն, ըստ երևույթին, ապատեղեկատվություն է տվել այդ առումով: Ինքը պատրաստ է և ինքը երբևէ չի հրաժարվել ցուցմունք տալուց, պարզապես ամբողջությամբ դեմքը պատված է վերքերով, շատ դժվարությամբ է խոսում, դեմքի ամբողջ մակերեսը այրված է», - ասաց փաստաբանը:
Ընդունում է արդյո՞ք Եղիշե Հակոբյանն իրեն ներկայացված մեղադրանքը, ըստ որի խախտել է վտանգավոր նյութերի հետ վարվելու կանոնները։ Փաստաբանի փոխանցմամբ՝ մեղադրանքի վերաբերյալ իր պաշտպանյալը դիրքորոշում չի հայտնել։ Ողբերգական դեպքի հետ կապված մանրամասներ Հովսեփ Սարգսյանը հրաժարվեց ներկայացնել, միայն վստահեցրեց՝ Եղիշե Հակոբյանը վաշտի զինծառայողների հետ որևէ միջանձնային խնդիր չի ունեցել։ Կապիտանի հետ կոնֆլիկտի մասին ակնարկել էր ծնողներից մեկը։