Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը չափազանց խնդրահարույց է որակում Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի վերջին շրջանի հայտարարությունները։
Ըստ քաղաքագետի՝ հասունանում է պահը, որպեսզի Երևանը Եվրամիությունից միջնորդի փոփոխություն պահանջի։
Գրիգորյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
Գրիգորյան․ - Ինչ վերաբերում է Տոյվո Կլաարին, ընդհանրապես վերջին շրջանի հայտարարությունները չափազանց խնդրահարույց են, և, կարծում եմ, արդեն հասունանում է այն պահը, որպեսզի Երևանը պահանջ ներկայացնի, որպեսզի միջնորդի փոփոխություն տեղի ունենա։
«Ազատություն»․ - Դուք նկատի ունեք՝ նա չեզոքությո՞ւնն է խախտում։
Գրիգորյան․ - Նրա հայտարարությունները վերջին շրջանի, հատկապես իր Բաքու կատարած այցի ընթացքում, խիստ խնդրահարույց են։ Այսինքն՝ խոսել ինչ-որ թափանցիկության մեխանիզմի անհրաժեշտության մասին, երբ կա միջազգային դատարանի որոշում, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, խոսել այն մասին, որ «այո՛, նոյեմբերի 9-ի հայտարարությունում Լաչինի միջանցքի և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», կամ ապաշրջափակման թեմաները տարբեր թեմաներ են ու տարբեր կետերով է նշված, բայց այնուամենայնիվ կողմերը կարող են բանակցել այդ հարցերի շուրջ», ևս անընդունելի է։ Ընդհանուր առմամբ, այնպիսի տպավորություն է, որ Կլաարը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի չգրգռի Բաքվին, որպեսզի այս բանակցությունների իմիտացիան շարունակություն ունենա, բայց տեսնում ենք, որ այդ քաղաքականությունն արդյունք չի տալիս, նմանատիպ քաղաքականության ֆոնին Բաքուն ամեն անգամ ռազմական էսկալացիաների է դիմում, այդ ֆոնին տեղի է ունենում Լաչինի միջանցքի, ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Մի խոսքով՝ Եվրամիության մոտեցումների մեջ լուրջ փոփոխություններ պետք է տեղի ունենան։
«Ազատություն»․ - Պարոն Գրիգորյան, բայց, հանուն ճշմարտության, Կլաարն, ըստ ամենայնի, նկատի ուներ, որ ռուսները սկանավորման՝ լրացուցիչ ստուգման մեխանիզմ տեղադրեն և ոչ ադրբեջանական անցակետ։ Համենայն դեպս, իր խոսքից այդպիսի տպավորություն էր։
Գրիգորյան․ - Պարզ է, որ խոսքն անցակետերի տեղադրման մասին չէ։ Դրա մասին խոսել է նաև, բայց այն հայտարարությունը, որ «Ադրբեջանի պահանջը, թափանցիկության վերաբերյալ բեռների, ոչ ռազմական բեռների վերաբերյալ պահանջը լեգիտիմ են», պարոն Կլաարի պարտականությունների մեջ չի մտնում նմանատիպ հայտարարություններ և նմանատիպ շեշտադրումներ անելը։ Այսինքն՝ մի կողմից Եվրամիությունը փորձում է ֆասիլիտատորի դեր խաղալ, այսինքն՝ չունենալ ինչ-որ սեփական դիրքորոշում, կողմերին պարզապես հարթակ տրամադրել, իսկ տվյալ պարագայում փաստացիորեն կրկնում է ադրբեջանական կողմի պաշտոնական նարատիվները։
Պաշտոնական Բաքուն արդեն մի քանի ագամ հայտարարել է, թե Լաչինի միջանցքում անհրաժեշտ է վերահսկողության ռեժիմ ապահովել, ինչպես նաև սպառնում է «ձեռնարկել վճռական, անհրաժեշտ միջոցներ՝ զինաթափելու և չեզոքացնելու անօրինական զինված կազմավորումները»։
Օրերս տարածաշրջանային այցով Ադրբեջանում գտնվող ԵՄ բանագնացը հայտարարեց, թե Բաքվի գաղափարը՝ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման, միանգամայն օրինական է՝ պատճառաբանելով՝ չեն ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար, և այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով։
Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․