Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում այսօր տեղի ունեցած «մահացու միջադեպն ընդգծում է բանակցություններն առաջ մղելու հրատապությունը»:
«Վերադարձել եմ Բաքու: Անհամբեր սպասում եմ Ադրբեջանի իշխանությունների հետ առարկայական բանակցությունների` առաջ տանելու խաղաղության գործընթացը` Մյունխենում տեղի ունեցած հանդիպումներից հետո», ֊ Թվիթերում գրել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը:
Օրվա առաջին կեսին Արցախի ոստիկանությունը հաղորդեց, թե ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում՝ Ստեփանակերտի Կրկժան թաղամասից դեպի Լիսագոր գյուղ ընկած հատվածում, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Հայկական կողմը հաղորդում է երեք զոհի, մեկ վիրավորի մասին: Ավելի ուշ Բաքուն հայտարարեց, թե սեփական բանակի երկու զինծառայող է զոհվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե իբր «հայկական կողմը զինամթերք էր տեղափոխում, իրենք փորձել են ստուգել մեքենաները», ինչի արդյունքում էլ փոխհրաձգություն է սկսվել։
Արցախից հերքում են ադրբեջանական կողմի պնդումները: Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով, որի մեջ զենք կամ զինամթերք չի եղել։