Բրյուսելում սպասվող հայ-ադրբեջանական հանդիպմանն ընդառաջ Հայաստան է ժամանել Եվրամիության հատուկ ներկայացուցիչը։ Երևանը նրա տարածաշրջանային այցի առաջին կանգառն է։
Տոյվո Կլաարը այսօր երեկոյան հանդիպելու է վարչապետ Փաշինյանին։ Մինչ այդ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Ըստ Անվտանգության խորհրդի գրասենյակի, Արցախի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերից էլ են խոսել։ Բրյուսելում սպասվող հանդիպման մասին նախօրեին հայտարարել է Միացյալ նահանգների պետդեպարտամենտի խոսնակը՝ առանց մանրամասնելու, թե երբ է նախատեսված հանդիպումը, Հայաստանի կառավարությունից էլ փոխանցեցին, որ դեռ տեղեկություն չունեն։
«Ես Նիկոլ Փաշինյանից և իրա իշխանությունից որևէ լավ բան չեմ ակնկալում։ Ո'չ Բրյուսելում, ո'չ Մյունխենում», - ասում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը («Հայաստան»)՝ շեշտելով. - «Բոլորի աչքի առաջ էր մյունխենյան հանդիպումը։ Փաշինյանն Ալիևի մեղադրանքներին չկարողացավ պատասխանել»։
Ի՞նչ պետք է քննարկի Բրյուսելում, փակ դռների հետևում, հարցնում է ընդդիմադիր պատգամավորը. - «Ալիևը ասեց «Լեռնային Ղարաբաղի հայ փոքրամասնություն»։ Այսինքն՝ էս իշխանությունները բանակցում են մի լուծում, որտեղ Լեռնային Ղարաբաղը դառնում է Ադրբեջանի մաս, Լեռնային Ղարաբաղի հայերը դառնում են Ադրբեջանի քաղաքացիներ»։
Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են Մյունխենում անցած շաբաթ, ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ։ Եռակողմ հանդիպումից հետո կրկին ակտիվացավ Ադրբեջան - Արցախ երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու թեման։
««Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ հենց սա, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որի շրջանակներում տեղի ունենա քննարկում Ստեփանակերտի և Բաքվի միջև իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ», - ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Մյունխենում Փաշինյանի հետ քննարկման ժամանակ Ալիևն ասել էր, թե պատրաստ է խոսել Արցախի ժողովրդի հետ, եթե պետնախարար Ռուբեն Վարդանյանը պաշտոնից հեռանա։ Իսկ ինչպե՞ս է խոսելու, միջազգային երաշխիքո՞վ։ Անվտանգության խորհրդի քարտուղարը դժվարանում է ասել, քանի դեռ չի ստեղծվել դա. - «Երբ որ դա տեղի ունենա, միջազգային տեսանելի մեխանիզմը տեղի ունենա, այդ ժամանակ կարող ենք ավելի հստակ այդ հարցերի շուրջ խոսել»։
Իսկ ի՞նչ երաշխիք, որ կգործի արցախցիների իրավունքների ու անվտանգության միջազգային մեխանիզմը, և Բաքուն կխոսի ուղիղ Ստեփանակերտի հետ, Արցախը չի մնա Բաքվի քմահաճույքին։
Factor TV-ի հետ զրույցում Գրիգորյանն ասել է, որ երկրորդական է համարում հարցը, թե ինչպես է գործելու այդ մեխանիզմը, առաջնայինը, ըստ նրա, դրա ստեղծումն է. - «Այսինքն՝ միջազգային տեսանելի մեխանիզմ եթե ստեղծվում է, դա է առաջնահերթությունը։ Թե դա ինչպես է կատարվելու, դա արդեն երկրորդական հարց է»։
«Իրենց ուղղակի պետք է, որ ձեռքերը լվանան, ասեն՝ վերջ, Ղարաբաղ, գնա Ադրբեջանի հետ քո հարցերը լուծի, մենք ոչ մի կապ չունենք», - նշում է Արթուր Խաչատրյանը։
Եթե միջազգային մեխանիզմի ազդեցությունը երկրորդական է արցախցի Գրիգորյանի համար, ապա, ըստ ընդդիմադիր պատգամավորի, սա էլ հերթական ուղիղ խոստովանությունն է, որ Արցախով ամենևին հետաքրքրված չեն. - «Իրենք պարզ ասում են՝ մենք Ղարաբաղի հարցով չենք զբաղվելու։ Լաչինի հարցով էլ չեն զբաղվում, որովեհտև Լաչինը փակել են ադրբեջանցիք, և պետք է Ադրբեջանի հետ բանակցեն»։
Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի պաշտոնյաները խոսում են անցած տարվանից, բայց մինչ օրս էլ հստակ չէ, թե ո'ր միջազգային կառույցը կամ երկիրն է լինելու երաշխավորը։