Երեկ Արցախում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ հստակ մատնանշելով, որ ոստիկանական ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական կողմից։
«Ցավում ենք մարտի 5-ին տեղի ունեցած այդ ծանր միջադեպի զոհերի համար, որի ընթացքում Լաչինի միջանցքի մերձակայքում ոստիկանների տեղափոխող ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական ուժերի կողմից՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում», - ասված է պաշտոնական Փարիզի հայտարարությունում։
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն անհրաժեշտ է համարում, որպեսզի լույս սփռվի միջադեպի հետ կապված բոլոր փաստերի վրա։ Փարիզը նաև կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը։
Երեկ առավոտյան Արցախում ոստիկանական ավտոմեքենայի վրա ադրբեջանցիների զինված հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք, վիրավորվել՝ մեկ սպա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է երկու, վիրավորվել՝ առնվազն մեկ զինծառայող։