Իվանյանում մարտի 1-ին կայացած հանդիպումից հետո Ադրբեջանը իր խողովակներով Լեռնային Ղարաբաղի իշխանությանը փոխանցել է՝ «կամ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ խնդիրները չեն լուծվելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր», Ազգային ժողովում ներկայացված ուժերի ու վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ անցկացրած Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա, սակայն, այդպես էլ չի մանրամասնել, թե ում միջոցով է Ադրբեջանի պահանջը փոխանցվել Ստեփանակերտին։
«Մենք չենք ընդունել, չենք ընդունում, և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք», - ասել է նա:
Ստեփանակերտ-Բաքու վերջին հանդիպմանը, Հարությունյանի խոսքով, Ադրբեջանի բանագնացը փորձել է խոսել ինտեգրումից, սակայն Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը կանխել է այդ քննարկումը՝ հայտարարելով, որ ինքը լիազորված չէ քաղաքական հարցեր քննարկելու։
Եթե կան ադրբեջանական առաջարկն ընդունել ցանկացողներ, ասել է Հարությունյանը, ազատ են իրենց տեսակետը բարձրաձայնել. «Հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ ճանապարհը սխալ է, և փորձեն հանրությունում ձևավորել այդ տրամադրությունները, ու այն ժամանակ արդեն այս երկրում հնարավորություն կլինի ձևավորել նոր իշխանություն, որը կընդունի Ադրբեջանի առաջարկությունները», - նշել է նա:
Չբացառելով նոր սադրանքները՝ Արայիկ Հարությունյանը այսօր հանձնարարել է կառավարությանը պարենային ու էներգետիկ անվտանգության ծրագրեր մշակել։
Անցակետի հարցով Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. ԱԳՆ
Արցախի նախագահի այս հայտարարությունը հնչում է արցախցի երեք ոստիկանի կյանք խլած երեկվա միջադեպից հետո։ Դեպքից ժամեր անց պաշտոնական Բաքուն դարձյալ պահանջեց Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հսկողության ռեժիմ սահմանել:
Հայաստան Արցախին կապող Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը Երևանի համար շարունակում է անընդունելի լինել։
«Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել»,- «Ազատությանը» փոխանցեց արտաքին գերատեսչության խոսնակ Վահան Հունանյանը։
Ադրբեջանի նախագահ Ալիևը մյունխենյան բանակցություններից հետո էր անցակետ դնելու գաղափարը հնչեցրել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան հայտարարեց՝ Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցումը Հայաստանի համար ընդունելի չէ:
Ադրբեջանական երեկվա հարձակումը պաշտոնական Երևանը ահաբեկչություն որակեց, Ստեփանակերտը՝ պատերազմական հանցագործություն:
Բաքվի երեկ առաջ քաշած մյուս պահանջն էլ Արցախից «հայկական զինված ուժերի» անհապաղ դուրս բերումն էր։
Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ Ադրբեջանի վարկածը, թե օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Հայաստանից զենք, զինամթերք ու անձնակազմ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ, անհեթեթ է, չփաստարկված ու անհիմն։
«Տեսանյութերը հիմնավորում են, որ «ՈւԱԶ»-ի մեջ բացի ծառայողական փաստաթղթերից և տաբելային զենքից, այլ բան չի եղել», - ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի գործողությունների նպատակը շփումներում ճնշում գործադրելն է, Արցախը հայաթափելը. պատգամավոր
Ադրբեջանի գործողությունների նպատակը շփումներում ճնշում գործադրելը, զիջումներ կորզելն է, Արցախը ի վերջո հայաթափելը, կարծում է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը. «Տիրական դիրքից հանդես գալու, ինչ-որ բաներ կորզելու, սա է նպատակը»։
Վերջին հանդիպման ժամանակ Ադրբեջանը դրե՞լ է Լաչինում անցակետի հարց, ու ի՞նչ է Ստեփանակերտը պատասխանել. արցախյան կողմի հրապարակային հայտարարություններից, համենայն դեպս, պարզ չդարձավ։ Պատգամավոր Բալայանն ասաց՝ բանակցությունների մանրամասներին տեղյակ չէ։
Մինչև Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչների շփումը Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն էր ասել՝ եռակողմ հայտարարությունը Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետերի ստեղծում չի նախատեսում, բայց չէր բացառել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի վրա տեխնիկական ստուգման հավելյալ միջոցների տեղադրումը։ Դրանից հետո սկսվեց շրջանառվել, թե խոսքը ռենտգեն սարքի մասին է։
Ռենտգեն սարքի տեղադրման շուրջ, Վահրամ Բալայանի տեղեկություններով, վերջնական որոշում չկա. «Եթե համաձայնություն լիներ, նրանք չէին կրակի։ Խոսվում է, բանակցվում է, բայց ինչքան ես տեղյակ եմ, վերջնական արդյունք առայժմ չկա»։
Հայաստանը փակուղու առաջ է հայտնվել. ընդդիմադիր պատգամավոր
Մինչ Հայաստանը հայտարարում է, որ Բաքվի գործողությունները հրատապ են դարձնում միջազգային ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովմանը, ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարում է՝ Հայաստանը փակուղու առաջ է հայտնվել, որովհետև խաղաղության քողի ներքո ընդունել է ադրբեջանական խաղի կանոնները:
«Ինչպես սպասելի էր, համ ադրբեջանական պահանջներն են աճում, դրա պայմաններում նաև Ադրբեջանը գնալով կոշտացնում է իր մոտեցումը: Եթե այդ քննարկումները գնում էին Արցախը Հայաստանին կապող միջանցքում ռենտգեն սարքի տեղակայմանը, որը պետք է սկանավորեր հիմնականում բեռնատար մեքենաներին, ապա այս փուլում Ադրբեջանը, կոշտացնելով իր մոտեցումը, առաջ է քաշում հենց անցակետը իր բոլոր ռեժիմներով: Երկրորդ՝ եթե ժամանակին խոսում էին Արցախից ՀՀ զինված ուժերի դուրսբերման մասին, նրանց ձևակերպումը, պահանջը այդպիսին էր, Ադրբեջանը ավելիին է գնացել՝ պահանջում է նաև գրանցումով արցախիցներին, այսինքն՝ բուն Պաշտպանության բանակի լուծարում»:
Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչների հաջորդ բանակցությունների օր ու վայր չի հրապարակվել, ժամկետներ՝ նույնպես։ Արցախի նախագահի այսօրվա հայտարությունից էլ պարզ չդարձավ՝ ռուսական միջնորդությամբ ընթացած բանակցությունները շարունակվելու են, թե՝ ոչ։