ՆԱՏՕ-ն մտահոգված է Ստեփանակերտի շրջակայքում «երեկվա մահացու միջադեպի մասին հաղորդումներով», Թվիթերում գրել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Այս միջադեպը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերի համար լուծումներ գտնելու հրատապությունը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը», - նշել է Կոլոմինան։
Երեկ Ստեփանակերտը հաղորդել էր, որ «ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում»՝ մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Բաքուն պնդել էր, թե տեղեկություն են ունեցել «Լեռնային Ղարաբաղ զինամթերքի տեղափոխման մասին», ինչը փորձել են ստուգել, և ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունքում «փոխհրաձգություն է սկսվել»։ Հայկական կողմը սա հերքել է։
Հայկական կողմը հայտնել է երեք զոհի, ադրբեջանականը՝ երկուսի մասին։
Եվրամիությունը ևս ավելի վաղ անդրադարձել էր այս դեպքին՝ կոչ անելով հետաքննել «մահացու միջադեպի հանգամանքները։ ԵՄ ներկայացուցիչը հավելել էր, որ Բրյուսելը կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ «կանխելու այնպիսի միջադեպերի ծագումը, որոնք հետագայում կարող են սպառնալ տարածաշրջանային անվտանգությանն ու վտանգել խաղաղ գործընթացը»։