Մատչելիության հղումներ

Թուրքիա. Ավերիչ երկրաշարժից մեկ ամիս անց


Փրկարարները Թուրքիայում արխիվ:
Փրկարարները Թուրքիայում արխիվ:

Թուրքիայում սեյսմիկ ակտիվությունը դանդաղ է մարում

Ճիշտ մեկ ամիս առաջ՝ տեղական ժամանակով առավոտյան 4-ն անց 17-ին, երբ բնակիչների մեծ մասը քնած էր, Թուրքիայի հարավարևելյան հատվածը ցնցվեց հուժկու երկրաշարժից:

7.8 մագնիտուդի հարվածն ավերիչ էր, ապա ժամեր անց նույն գոտում գրանցվեց 7.5 մագնիտուդով ցնցում: Հզորությունն ու ժամային տարբերությունը հաշվի առնելով էլ՝ թուրք սեյսմաբաններն ասում են, թե երկրորդ հարվածը պետք է համարել՝ ոչ թե հետցնցում էր, այլ երկրորդ երկրաշարժ: Երկուսն էլ ավերիչ հետևանքներ ունեցան նաև հարևան Սիրիայի հյուսիսային շրջանում:

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 46 հազարին, Սիրիայում էլ մոտ 6 հազար մարդ է զոհվել: Կան հազարավոր վիրավորներ:

Փետրվարի 6-ից հետո գրանցվել են հազարավոր միջին և փոքր ուժգնության հետցնցումներ: Դրանցից մեկը տեղի է ունեցել Մալաթիայում փետրվարի 27-ին: 5.2 մագնիտուդով հետցնցումն առնվազն մեկ մարդու կյանք է խլել, մոտ 60-ը վիրավորվել են, քանդվել են փետրվարի 6-ին վնասված, բայց կանգուն մնացած բազմաթիվ շենքեր: Դրանց բնակիչների մեծ մասը, բարեբախտաբար, շենքերից հեռացել էր առաջին երկրաշարժից հետո: Սեյսմիկ ակտիվությունը դանդաղ է մարում:

Աշխարհի պետություններն անմիջապես արձագանքել են ողբերգությանը

«Միջազգային համայնքը մեզ աջակցություն է առաջարկել: 45 պետություններ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից, հասնում են մեզ օգնելու»,- փետրվարի 6-ին ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հենց առաջին օրերին նաև Հայաստանն է միացել այդ մարդասիրական առաքելությանը, և դա բարձր է գնահատվել Թուրքիայի նախագահ Էրդողանի, արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի, հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի և թուրքական մամուլի ու հասարակության կողմից:

ՆԱՏՕ-ի, Եվրոպական միության ու հարևան երկրներից զատ, արագ է արձագանքել նաև ՄԱԿ-ը:

«Ցավակցություններս եմ հայտնում զոհերի ընտանիքներին: ՄԱԿ-ը մոբիլիզացնում է արտակարգ օգնություն տրամադրելու բոլոր կարողությունները, եկեք աշխատենք համերաշխության սկզբունքով, գործենք միասին և սատարենք տուժածներին, հիմա նրանցից շատերն արդեն հումանիտար օգնության խիստ կարիք ունեն»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Բարսելոնայի տարածքի չափ ավերակների դաշտ

Օտարերկրացի փրկարարներն արդեն հեռացել են, մնացել են բժիշկների և մարդասիրական կառույցների թիմերը: Իսկ թուրքերը հիմա փորձում են գնահատել վնասի չափը և կազմել վերականգնման ծրագիրը:

Ամբողջությամբ փլուզվել կամ անդառնալի վնասվել և քանդման են ենթակա ավելի քան 200 հազար շինություններ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետների համոզմամբ, դրանց ավերակների միացյալ չափը 116-ից 210-ը միլիոն տոննա է:

Եթե այն կուտակել և բարձրությունը հասցնել մեկ մետրի, դրա համար կպահանջվի 100 քառակուսի կիլոմետր տարածք, ինչը մոտավորապես հավասար է եվրոպական մեծ քաղաքի, օրինակ, Բարսելոնայի տարածքին:

Վատթարագույն աղետը հարյուր տարում

Թերևս զուր չեն թուրք պաշտոնյաներն ու գիտնականները պնդում, որ փետրվարի 6-ի երկու արհավիրքների հզորությունը հավասար էր հարյուրավոր միջին հզորության ատոմային ռումբերի հարվածին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով և արտակարգ օգնության համակարգող Մարթին Գրիֆիթսն ասել է, թե փետրվարի 6-ի երկրաշարժն աննախադեպ հզորության էր:

«Այն, ինչ տեղի է ունեցել երկուշաբթի օրը, ինչ տեսնում ենք էպիկենտրոնում, այս տարածաշրջանում վատթարագույն աղետն է անցած հարյուր տարում»,- ասել է Գրիֆիթսը:

Մեծ ազդեցություն քաղաքական կացության վրա

Աղետի գոտու վերականգնումը Թուրքիայից ահռելի ջանքեր է պահանջելու: Այս կարգի ծանր հարվածն անխուսափելիորեն ազդելու է ներքաղաքական վիճակի վրա:

Մայիսի 14-ին Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Փետրվարի 6-ից առաջ էլ Էրդողանի թիմը բարդ վիճակում է եղել, քանի որ լիրայի աղետալի արժեզրկման ու սոցիալական այլ խնդիրների բերումով նրա վարկանիշը սկսել է լուրջ անկում գրանցել:

Աղետի գոոտում էլ շատերն են դատապարտել իշխանություններին դանդաղ արձագանքելու համար: Այդ հանգամանքը նաև նախագահն է ընդունել:

«Չնայած, որ մենք ամենալայնածավալ փրկարարական գործողությունն ենք իրականացնում, տարածաշրջան բերելով ավելի քան 141 հազար աշխատող, դժբախտաբար, պետք է արձանագրենք այն փաստը, որ չկարողացանք արձագանքել այնքան արագ, որքան ուզում էինք»,- խոստովանել է Էրդողանը:

Շենքերի վատ որակ, անհաշիվ ապօրինի կառույցներ

Բայց սա միակ խնդիրը չէ: Արհավիրքի հարվածը դաժան էր, սակայն զոհերի թիվը կարող էր ավելի քիչ լինել, եթե շենքերը որակով կառուցեին:

Իշխանությունները հայտարարել են, որ բոլոր անբարեխիղճ շինարարները պատասխանատվության կկանչվեն: Թուրքիայում արդեն հարուցվել են հարյուրավոր գործեր, կան մոտ 230 ձերբակալվածներ:

Թուրքիայում հայտնի է, որ շինարարական գրեթե բոլոր խոշոր ընկերությունները կապեր ունեն բարձրաստիճան պաշտոնյաների հետ, առավելություններ են ստացել միլիարդների հասնող պատվերների համար մրցույթներում:

Հայտնի է նաև, որ ոչ բոլորն են անշեղորեն հետևել շենքի ամրության և սեյսմակայունության ապահովման նորմերին և այդպես կլորիկ գումարներ են գրպանել:

Բայց կա մեկ ուրիշ ծանր հանգամանք, որի համար մարդիկ հիմա հասցեական հենց Էրդողանին են մեղադրում: Եվ, ի դեպ, այդ ցավոտ խնդիրը հրատապ է նաև Հայաստանի պարագայում:

Թուրքիայում կան հարյուր հազարավոր ապօրինի կառույցներ, դրանք չունեն պատկան իշխանությունների կողմից տրված ամրության սերտիֆիկատներ:

Ավելին, նույնքան մեծ թվով շենքերում ապօրինի կարգով կատարվել են փոփոխություններ, ապամոնտաժվել են կրող պատեր, ավելացվել են կցակառույցներ, որոնք թուլացրել են հիմքերը:

Չարաբաստիկ «ամնիստիան»

2018 թվականին՝ հերթական անգամ վերընտրվելու համար վարած պայքարում, Էրդողանը դիմել է լրացուցիչ քվեներ ապահովելու, թվում էր, թե արդյունավետ հնարքի, որը, սակայն, ինչպես փետրվարի 6-ն է վկայում, աղետաբեր էր հազարավոր մարդկանց համար:

Նա առաջարկել է «գոտավորման ամնիստիա», որը թույլ է տվել օրինականացնել հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր մեծ ու փոքր տներ կամ շենքերի ապօրինի ձևափոխումներ:

«Այս գոտավորման ամնիստիայով մենք լուծել ենք Մալաթիայի 88 հազար 507 բնակիչների խնդիրները»,- Մալաթիայում 2018 թվականի նախընտրական հավաքում հպարտությամբ ազդարարել է ղեկավարը:

«Trend Garden» շենքը՝ ողբերգության խորհրդանիշ

Նման հանցավոր ամնիստիայի դաժան հետևանքի օրինակը նույն Մալաթիայում «Trend Garden» շենքի փլուզումն է, որն արձանագրել է մի քանի հարյուր մետր հեռավորության վրա տեղադրված անվտանգության տեսախցիկը:

Արտաքինից գեղեցիկ արդիական շենք, հին չէ, կառուցվել է մոտ 25 տարի առաջ: Ուներ ֆիթնեսի սրահ, տանիքին սրճարան և փլուզվել է 2-3 վայրկանում: Ինչպես վերապրած մի բնակիչ է ասել, «կարծես, պատերը հեղուկից էին»: Զոհվել է 29 մարդ:

Պարզվում է, տարիներ առաջ շենքում կատարվել են ապօրինի վերակառուցումներ: 12 բնակարանները բաժանել, դարձրել են 42 փոքրիկ բնակարաններ, 6-րդ հարկին ավելացրել են 7-րդ հարկը, որը դարձրել են բնակելի ձեղնահարկ: Մարդիկ գոհ էին, բայց եկավ փետրվարի 6-ը:

«Քույրս, երեք զարմուհիներս, զարմիկներս շենքի ավերակների տակ են, չգիտեմ, թե ինչքան ժամանակ եմ այստեղ, գլխումս ամեն բան խառնվել է, գուցե նրանք ո՞ղջ են»,- Reuters-ի հետ զրույցում ասել է վշտից ուժասպառ եղած Ֆեյզա Յըլմազը:

Մինչդեռ մասնագետները վաղուց են նախազգուշացրել

Տիկին Յըլմազի ազգականները չեն փրկվել: Շինարարների ագահության և էժան քվեներ շահելու իշխանավորների մոլուցքի արդյունքում ընդունվել է չարաբաստիկ ամնիստիան:

«Մենք և քաղաքացիական հասարակության կառույցները բազմիցս արծարծել ենք ապօրինի կառույցների հարցը, բայց ավաղ, այդ ամնիստիայի որոշումն օգտակար է դիտվել ժողովրդի համար, շատերը կարողացան օրինականացնել կառույցները, մարդիկ չեն մտածել, որ հետագայում կարող են դրա համար իրենց կյանքով վճարել»,- ասել է Մալաթիայի քաղաքացիական ճարտարագետների միության անդամ Էրոլ Էրդանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG