Թուրքիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ հանդիպել է փետրվարի 8-ից որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարական խմբին:
Միրզոյանին է ներկայացվել աղետից տուժած քաղաքում հայկական փրկարարարների կողմից կատարած աշխատանքները, որի արդյունքում հաջողվել է փլատակներից դուրս բերել երեք մարդու:
Արտգործնախարարը նաև ծանոթացել Հայաստանի կողմից նախօրեին ուղարկված հումանիտար օգնության տեղաբաշխման գործընթացին:
Թուրքիայի փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն անցել է 35 հազարը: Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել աղետից տուժած տարածքներ՝ 1993-ից փակված Մարգարայի կամրջով։ Ավելի վաղ էլ հայ փրկարարների 27 հոգանոց խումբ է մեկնել Թուրքիա:
Այսօր Հայաստանի արտգործնախարարն Անկարայում հանդիպել է նաև իր թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ, որից հետո վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման Հայաստանի պատրաստակամությունը։