Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 562-ի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
«Հաթայում էպիկենտրոնով երկրաշարժի ժամանակ զոհվել է 6 մարդ, ևս 562-ը վիրավորվել են», - Anadolu գործակալության փոխանցմամբ՝ ասել է Սոյլուն:
Փետրվարի 20-ի երեկոյան Թուրքիայի հարավում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի և 294 վիրավորի մասին։
Երկու շաբաթ առաջ Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով երկու երկրում շուրջ 46 հազար մարդ է զոհվել, որից ավելի քան 42 հազարը՝ Թուրքիայում։