Մատչելիության հղումներ

Կամավորներն առցանց դասընթացներ են կազմակերպում արցախցի դպրոցականների համար


Լոռու մարզի Կաթնառատ գյուղից Անահիտ Մկրտչյանը հենց լուր է ստանում, որ ադրբեջանցիները դարձյալ խափանել են Արցախի գազամատակարարումը, ու դպրոցները փակ են, առցանց հարթակում հավաքում է դասերից զրկված արցախցի դպրոցականներին ու պարապում մաթեմատիկայի բաց թողած դասերը՝ կամավոր։ Հոսանքի հովհարային անջատումների արանքում երբեմն10-11 դպրոցական է միանում յուրաքանչյուր դասին։

Հայաստանից ու արտերկրից 27 կամավորներ են միավորվել այս նախաձեռնության շուրջ։ Առցանց դասընթացներ են կազմակերպում արցախցի դպրոցականների համար, որոնք արդեն մեկ ամիս զրկված են դպրոց գնալու, ամենօրյա դասերին մասնակցելու հնարավորությունից։

Անահիտի այսօրվա դասին միայն Ստեփանակերտից 13-ամյա Մարատը կարողացավ միանալ։ Մի մասը դպրոց էր գնացել. փայտե վառարաններով տաքացվող դասարաններում փորձում են չընդհատել դասերը։ Մյուսներից հաղորդագրություն եկավ, թե լույս չունեն, այդ ժամին չեն միանա։

Առցանց դասերի նախաձեռնողը վանաձորցի Տիգրան Առուշանյանն է՝ «Մաթեմիկ» հասարակական կազմակերպության հիմնադիրը։ Ասում է՝ կամավորները տարբեր մասնագիտություններ ունեն, օնլայն դասավանդում են շուրջ 100 արցախցի դպրոցականների. - «Մենք ունենք և' տնօրեններ, և' գործող ուսուցիչներ, և' ուսանողներ, ունենք թոշակի անցած ուսուցիչներ, ովքեր ուղղակի հրաշալի են դասավանդում, և այդ մարդկանց ռեսուրսը պետք է շարունակել օգտագործել։

Անգլերենի մասնագետ Ամալյա Նավոյանն ասում է՝ սովորեցնում, բայց միաժամանակ սովորում է արցախցի երեխաներից. - «Ճիշտ է, հիմա ես իրենց սովորեցնում եմ, թե ինչպես տիրապետել անգլերեն լեզվին, բայց նաև իրենցից սովորել եմ, որ դժվարությունները ուղղակի ժպիտով հաղթահարել։ Ինձ ապրեցնում է, ես ամեն դասից հետո իրոք հասկանում եմ, որ դժվարությունները իրոք հնարավոր է հաղթահարել ուղղակի ժպտալով»։

Ինտերնետային կապի մյուս ծայրից ասում են՝ դասերից չեն հոգնում, բայց շուտ պիտի ավարտեն, որ օգնեն ծնողներին խանութներում հերթ կանգնել, կտրոնով սնունդը տուն հասցնել, վառելափայտ ճարել։ Երեկ մի քանի ժամով գազ ունեին, այսօր էլի դպրոց չեն գնացել։ Երեկոյան էլ նորից մոմի լույսի տակ դաս կանեն։

«Երբ լույս չի լինում, վառարանով ենք տաքանում։ Խանութներում հիմնականում մրգերն ու բանջարեղենն ա քիչ, մեկ էլ քաղցրավենիքը», - ժպիտով ասում են արցախցի երեխաները։

Ստեփանակերտից, Մարտակերտից ու Արցախի մյուս շրջաններից օնլայն դասերին միացած երեխաները լավ լուրերի են սպասում, թե Հայաստանի հետ կապող ճանապարհ ի վերջո կբացվի, լիարժեք կյանքը կվերականգնվի, ամեն օր դպրոց կգնան. - «Երեք շաբաթ է, չենք գնացել, բայց չեն ասում երբ կգնանք։ Գազերը պիտի կարգավորեն»։

Գործի նախաձեռնողը՝ Տիգրան Առուշանյանը շարունակում է կամավորներ փնտրել։ Ասում է՝ քանի դեռ հայտնի չէ, թե որքան կշարունակվի Արցախի բլոկադան, իրենց կմիանան թե՛ նոր ուսուցիչներ ու թե՛ արցախցի երեխաներ» - «Համոզված եմ, որ ինքը շատ ավելի մեծ թափ կստանա»։

Ձմռան ցրտին Արցախում խափանված է գազամատակարարումը։ Ադրբեջանը երբեմն մի քանի ժամով կամ օրով վերականգնում, ապա կրկին փակում է գազի խողողովակը։ Հայաստանից Արցախ հասնող էլեկտրաէներգիայի միակ գիծը ևս վնասված է հունվարի 9-ից։ Արցախցիներին հոսանքը հասանելի է օրական մի քանի ժամ:

«Քանի դեռ դուք շարունակում եք կրթվել և անտեսել այս դժվարությունները, դուք ամեն օր կարող եք ձեզ համարել հաղթած», - իր հեռավար աշակերտներին ասում է Տիգրան Առուշանյանը։

XS
SM
MD
LG