Արդեն երկու ամիս դպրոցից ու դասընկերներից հեռու` Արցախում է մնացել 17-ամյա Նանա Հայրումյանը։ Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողը, որ ձմռան սկզբում գնացել էր տուն՝ կարճատև արձակուրդի, շրջափակման մեջ է, ինչպես Արցախի 120 հազար բնակիչները։
Ասում է՝ ընտանիքի, բարեկամների ու ծանոթների հետ կիսում է բոլոր այն դժվարությունները, որ ծագել են ադրբեջանցիների կողմից Հայաստան հասնելու միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ պահելու պատճառով. - «21-րդ դարում երկու տարբեր իրականություններ են։ Որ Դիլիջանում էս ամեն ինչն ես տեսնում, հետո դուրս եք գալիս ու գալիս ես մի ուրիշ իրականություն, որտեղ պետք է մոմ վառես, որ դաս սովորես, որտեղ փորձում ես էսսե գրել ու հանկարծ լույսերը տանում են, որտեղ գազը ընդհատումներով է ու ուսանողները դպրոց չեն գնում։ Կցանկանամ, որ էս տարբերությունները աշխարհում ավելի քչանան ու ավելի հավասար լինեն էդ տարբեր իրականությունները»։
Դիլիջանի միջազգային դպրոցում աշխարհի 80 երկրներից ավելի քան 200 ուսանողներ են։ Նանան իր երկամյա կրթության վերջին կիսամյակն անցկացնում է շրջափակման մեջ։ Հարց է՝ մինչև ուսումնական տարեվերջ կկարողանա՞ միանալ բազմազգ ուսանողական համայնքին ու լիարժեք ավարտել միջազգային ուսումնառությունը, թե՞ ոչ. - «Ուսանողներ գիտեմ, որ այլ կրթական հաստատություններում են սովորում և չեն կարողանում հետ վերադառնալ։ Այդ պատճառով ավելի շատ են տուժում, քան ես, որովհետև իրենց քննությունները էս շրջանում են։ Դրա հետ միասին նաև իմ եղբայրները ու քույրերը, ընկերները, որ դպրոց չէին հաճախում շաբաթներով, իհարկե ցավալի է դա տեսնել։ Մայրս ուսուցչուհի է և ամեն անգամ պատմում է, որ գազը կտրելու պատճառով, լույսը կտրելու պատճառով աշակերտները ընդհատումներ են ունենում, ավելի դժվար է լինում հետո հետ վերադառնալ նորմալ կրթական պրոցեսին»։
Նանայի համակուրսեցի Արսեն Հարությունյանը նույնպես Արցախից է։ Ասում է՝ բախտը բերել է, շրջափակման մեջ չի ընկել, բայց չարաբաստիկ բլոկադայի պատճառով մայրն ու քույրը Արցախում են, հայրը՝ նրանցից հեռու, Երևանում։ Դպրոցի արվեստի սենյակում հակամարտությունների մասին են մտորում ու զգացածը կտավին հանձնում։
Աշխարհն է՝ իր տարբեր տրամադրություններով, հույզերով ու ասելիքով, իր ստեղծած պատկերն այսպես է մեկնաբանում արցախցի պատանին. - «Մեջտեղը մարդ է կանգնած, ինքը ծիծաղկոտ երեսով ա նայում քեզ վրա, բայց իրա իրական էմոցիաները այս կողքի մարդիկ են, որոնք դեմքի տեղը իրենց էմոցիաներն են։ Այսինքն՝ կարմիրը ջղայնությունն ա, իսկ կապույտը՝ տխրությունը»։
Ինչո՞ւ են տեղի ունենում հակամարտություններն ու ինչո՞ւ հնարավոր չի լինում երկխոսելու միջոցով հարթել վեճերը։ Ինչպե՞ս կարելի է կոտրել ատելության այս շղթան տարբեր ազգերի միջև։ Հարցեր են, որ պարբերաբար քննարկում են Դիլիջանի միջազգային դպրոցում։
«Ես սովորում եմ UWC Դիլիջանում, ես 17 տարեկան եմ», - ասում է ազգությամբ թուրք ուսանող Քերեմ Այդինը, ով արդեն կես տարի նույն սենյակում ապրում է հայ ընկերոջ հետ. - «Րաֆֆին, որի հետ կիսում եմ իմ սենյակը, եկավ այստեղ, բարևեցինք, ու թե՝ որտեղի՞ց ես, ես ասացի՝ Թուրքիայից։ Քարացավ, դա անսպասելի էր իր համար։ Բայց մի քանի օրից մենք ընկերացանք, ու այսօր շատ երջանիկ ենք»։
Քերեմը Վանից է։ Ասում է՝ տատիկից է լսել առաջին պատմությունները հայերի մասին, բայց Հայաստան գալիս ինքն էլ անհանգիստ էր, միայն դրականը չէ, որ հասել էին ականջին Հայաստանի մասին։ Իսկ այստեղ, հայերի կողքին ապրելով հաղթահարել է իր բոլոր նախապաշարումները, ասում է Քերեմը. - «Մենք իրականում շատ մոտ ենք, բայց միևնույն ժամանակ շատ հեռու միմյանցից, ինչը շատ տխուր է։ Հատկապես, երբ գալիս ես այստեղ, տեսնում բնությունը, մարդկանց, իրականում հասկանում ես, թե որքան նման ենք մենք և պետք է որ կարողանայինք իրար կողքի խաղաղ ապրել: Սակայն ագահ քաղաքական գործիչները... Պետք է ի վերջո կոտրենք այս շարունակական ատելությունն, ու դրա լավագույն միջոցը կարող է լինել միմյանց մշակույթն ուսումնասիրելը: Ես գիտեմ՝ դժվար է մարդկանց համար պարզապես վարվել այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Բայց կարծում եմ, որ հնարավոր է սովորել միմյանց մասին, խոսել միմյանց հետ, պարզել, թե իրականում որքան նման ենք մենք։ Ըստ իս, սա այս շարունակվող հակամարտության լավագույն լուծումն է»:
Հայաստան - Արցախ արգելափակված ճանապարհից այն կողմ մնացած 17-ամյա Նանա Հայրումյանը, ով 5 լեզուների է տիրապետում, ասում է՝ իր հարկադիր արձակուրդի օրերին նամակներ է գրում, արցախցիների խնդիրը հասցնում տարբեր միջազգային կառույցների՝ հույսով, թե մի օր կլռեն զենքերն ու հնարավոր կլինի երկխոսությամբ հասնել խաղաղության. - «Խոսքով կարելի է նույնիսկ սարը տեղից շարժել»։