Մատչելիության հղումներ

Արցախի գազամատակարարումը նորից արգելափակվել է. գազով ջեռուցվող դպրոցներում դասերն առայժմ չեմ վերականգնվի


Դատարկ դասասենյակ Ստեփանակերտի դպրոցներից մեկում
Դատարկ դասասենյակ Ստեփանակերտի դպրոցներից մեկում

Արցախում դարձյալ գազ չկա։ Ստեփանակերտից հայտնում են՝ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից մտնող միակ գազատարը։

Շրջափակման շուրջ երկու ամիսների ընթացքում Արցախը կապույտ վառելիքից արդեն 7-րդ անգամ է զրկվում։

«Պարբերաբար ընդհատելով և մասնակիորեն վերականգնելով գազամատակարարումը ադրբեջանական կողմը նպատակ ունի ոչ միայն խորացնելու հումանիտար ճգնաժամը, այլև՝ անորոշության զգացողությունը», - հայտարարում են Արցախից։

Գազամատակարարումը մոտ 12 ժամ առաջ էր մասամբ վերականգնվել, Ստեփանակերտի բնակիչներն առավոտյան ասում էին, թե կապույտ վառելիք ունեն:

Երեկ նույնիսկ քննարկվում էր գազով ջեռուցվող դպրոցներում դասերի վերսկսման հարցը, բայց, փաստորեն, ուսումնական հաստատությունները էլի փակ կմնան։ Ջեռուցման խնդիրների պատճառով դասերն արդեն 4-րդ անգամ են դադարեցվում։

Հայաստանից Արցախ ոչ միայն գազն է խափանումներով հասնում, այլև շուրջ մեկ ամիս է՝ էլեկտրականություն չի մատակարարվում։ Բարձրավոլտ գիծը վթարվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում։ Հունվարի 10-ից Արցախում տեղական հոսանք են սպառում ու ստիպված անցել են հովհարային անջատումների։

Այս դժվարությունների կողքին մի լավ բան, այդուհանդերձ, կա, ասում է Ստեփանակերտի բնակիչ Իրենա Հարությունյանը՝ վերջին օրերին շրջափակման ընթացքում չճարվող ապրանքներ են նկատվում խանութներում՝ մրգեր, քաղցրեղեն, երշիկեղեն, բայց հերթեր են շատ։

«Ճիշտ է՝ կարգավորված հերթեր են, բայց մեկ է՝ չես էլ ուզում կանգնել արդեն: Խնձորը հասցրել են, ամուսինս կանգնած է հերթում, համար են տվել նարնջի, լիմոնի և բանանի համար», - ասաց Արցախի բնակիչներից մեկը:

Միրգն ու բանջարեղենը, սակայն, բոլորին հասանելի չեն, Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից Աշխեն Գրիգորյանն ասում է՝ առայժմ բավարարվում են միայն կտրոններով վերցրած չափավոր քանակի պարենով:

«Մեր գյուղ ընդհանրապես չեն բերել, Ստեփանակերտն էլ հեռու ա, բացի դրանից, մեքենաները գազ չեն թողնում, որ օրինակ՝ մեքենաներով գնանք-գանք: Մենք չենք օգտվում մրգերից ընդհանրապես, ոչ էլ կոնֆետներից, քաղցրից», - ներկայացրեց Գրիգորյանը:

Ադրբեջանական շրջափակման շուրջ երկու ամիսները նաև սոցիալական ծանր խնդիրներ են ստեղծել, վերջին տվյալներով՝ ավելի քան 5100 մարդ կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը։ Իշխանությունները տուժած ոլորտներին աջակցություն տրամադրելու գործընթաց են սկսել։ Այժմ դիմումներ են ընդունվում։

XS
SM
MD
LG