Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը


Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը, հայտնում է տեղեկատվական շտաբը։ Այն մասնակիորեն վերականգնվել էր մի քանի ժամ առաջ։

Առաջիկայում գազի առկա խիստ սահմանափակ ծավալով կապահովվեն գազալցակայանները, ինչից հետո կդադարի նաև դրանց աշխատանքը։

«Նման վարքագծով Ադրբեջանը ձմռան ցուրտ եղանակին և գիշերային ժամերին միացնելով և ապա անմիջապես արգելափակելով Հայաստանից Արցախ գազամատակարարումը, նպատակ ունի ստեղծել խնդիրներ և արտակարգ պատահարներ», - ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ։

Հունվարի 12-ից ի վեր Ադրբեջանը պարբերաբար փակում, ապա մասամբ բացում է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Ջեռուցման բացակայության պատճառով դպրոցները, ուսումնարանները, քոլեջները, մանկապարտեզները չեն գործում։ Արցախում նաև հոսանքի խնդիր կա։ Պաշտոնական տվյալներով՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված շուրջ 5 հազար արցախցի կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը։

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն երկու ամսից ավելի: Այն անցած տարվա դեկտեմբերի 12-ին փակել են իրենց «էկոակտիվիստ» անվանող մի խումբ ադրբեջանցիներ:

XS
SM
MD
LG