Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմն Արցախի գազը պարբերաբար պետական մակարդակով է անջատում. Փաշինյան


Ադրբեջանական կողմն Արցախի գազը պարբերաբար պետական մակարդակով է անջատում, այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետը։

Նպատակը, ըստ Նիկոլ Փաշինյանի, Ղարաբաղի ժողովրդի՝ հայրենիքում ապրելու կամքը կոտրելն է. - «Սա արդեն ոչ թե չակերտավոր բնապահպաններն են, այլ պետականորեն իրականացվող գործողություն։ Որովհետև եթե չակերտավոր բնապահպանները Լաչինի միջանցքում ներկա են և տեսանելի, գազախողովակում նրանք չեն նկատվել»։

Շրջափակման երկու ամիսների ընթացքում Արցախում գազն արդեն 7-րդ անգամ է անջատվում։ Պարբերական անջատումներից ու միացումներից զատ, վարչապետի խոսքով, ադրբեջանցիները նաև մատակարարման ուժգնությունն են փոխում. - «Ասենք օրինակ, գազամատակարարումը դադարեցվում է ոչ թե ամբողջությամբ, այլ 50 տոկոսով։ Հետո մատակարարվող գազի ծավալը դառնում է 70 տոկոս, հետո իջնում-հասնում 10 տոկոսի, հաջորդ պահին դառնում 30 տոկոս։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն»։

Այս ամենի հետևանքով ոչ միայն հումանիտար, այլ նաև բնապահպանական ճգնաժամ է առաջանում, շարունակեց վարչապետը. - «Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները ստիպված են իրենց տները տաքացնելու համար փայտանյութ օգտագործել, որը իր հերթին բերում է անտառային հատումների, ինչը բնապահպանական լուրջ աղետի վերածվելու պոտենցիալ ունի»։

Այս դեպքում ո՞րն է լուծումը, ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Վարչապետն այսօր էլ կրկնեց շուրջ երկու ամիս հնչող պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Բաքվի վրա։ Հայաստանից բազմիցս են հայտարարել, որ չեն պատրաստվում բանակցել ադրբեջանական կողմի հետ Լանչինի միջանցքի բացման հարցով, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ այն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։ Նրանք պարտավոր են ապահովել անվտանգ երթևեկությունը։

«Կարծում եմ, անհրաժեշտ է, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և բնապահպանական ճգնաժամը ավելի ինստիտուցիոնալ միջազգային քննարկման առարկա դառնան, որովհետև միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը», - նշեց Փաշինյանը։

«Միջազգային հանրությունը ճնշում գործադրելու բազմաթիվ գործիքներ ունի, բայց մեծ անկնակիքներ ունենալ պետք չէ», - կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Անցած շաբաթ, օրինակ, Եվրամիությունը հայտարարել էր, որ չի դիտարկում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, փոխարենը կենտրոնանում են կողմերի միջև երկխոսության վրա. - «Պատժամիջոցների հարցում կարծես թե հեռու ենք այն իրավիճակից, որպեսզի դրանք կիրառվեն Եվրամիության կամ Միացյալ Նահանգների կողմից։ Արևմուտքում երևի մտածում են, որ վիճակը դեռևս այնքան ծայրահեղ չի, որպեսզի ինչ-որ կտրուկ քայլերի դիմեն»։

Տիգրան Գրիգորյան
Տիգրան Գրիգորյան

Քաղաքագետը շեշտում է՝ բացի միջազգային հանրությանն ուղղված կոչերից, Լաչինի միջանցքը բացելու համար Հայաստանի իշխանությունները կարող են առնվազն Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններ վարել, ինչից, ըստ Գրիգորյանի, Երևանը խուսափում է. - «Ակնհայտ է, որ միջազգային ճնշումից բացի, մյուս գործիքը, որը կարող է նպաստել Լաչինի միջանցքի բացմանը, դա առնվազն Ռուսաստանի հետ ակտիվ աշխատանքն է այս հարցում։ Բայց տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները խուսափում են թե' Ռուսաստանի և թե' Ադրբեջանի հետ բանակցելուց այս հարցում՝ կարծելով, որ թե' Մոսկվան և թե' Բաքուն Լաչինի միջանցքի խնդիրը օգտագործում են Հայաստանից այլ օրակարգեր, զիջումներ կորզելու համար»։

Լաչինի միջանցքի արգելափակման 60 օր օրերին ճանապարհը բացելու կոչեր են հնչել Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից, Ռուսաստանից, միջազգային մի շարք կառույցներից։ Այդ կոչերը, սակայն, առայժմ ոչ մի արդյունք չեն տվել։ Ավելին՝ Բաքուն շարունակում է պնդել, որ միջանցքը բաց է։

Նախօրեին էլ ԱՄՆ կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի գլխավորությամբ Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացվել։ Հեղինակները դեմոկրատներ Ֆրենկ Փալոնն ու Բրեդ Շերմանն են։ Նրանք շեշտում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ, նախագծի սկզբնական աջակիցների թիվը Ներկայացուցիչների պալատում անցել է 60-ը։

«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործի և օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները միջանցքը վերաբացելու համար, քանի դեռ այս հումանիտար ճգնաժամը չի դարձել աղետալի», - գրել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

XS
SM
MD
LG