Մատչելիության հղումներ

Բարսեղյան. Քաղաքական արժանապատվությունը պիտի ստիպեր պաշտպանության նախարարին հրաժարական տալ


Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի համոզմամբ՝ նման դեպքերում, ինչպիսին 15 զինծառայողի կյանք խլած հրդեհն է, «հարկավոր է քաղաքական պատասխանատվություն նույնպես ստանձնել»:

«Դա քաղաքակիրթ աշխարհում ընդունված հրաժարականի դիմումն է, քաղաքական արժանապատվությունը [...] պիտի ստիպեր նախարարին հրաժարական տալ», - «Ազատությանը» տված հարցազրույցում ընդգծեց Բարսեղյանը՝ շարունակելով. - «Կընդուներ Կառավարությունը, չէր ընդունի, կընդուներ, ինչ-որ մի ժամանակ հետո կվերադարձներ կամ այլ պաշտոնի կնշանակեր՝ սա արդեն ուրիշ խոսակցություն է: Բայց իմ հիմնարկում 15 վառվեն հիմարության պատճառով կամ, չգիտեմ, ուրիշ պատճառով, ու ես ասեմ՝ «դե պատահում է, էլի, քրեական գործ է՝ քննում են», ես ինձ նման բան չեմ ների»:

Քննության հետ կապված՝ նա կարծիք հայտնեց, թե արդեն ժամանակն է, որ այն ավարտված լինի: «Ինձ կասեն, որ փորձաքննությունների ծառայություն մատուցող անձանց և կազմակերպությունների խայտառակ սակավությունը՝ ոչ միայն այս, [այլ] բազմաթիվ ուրիշ գործերով, լուրջ խոչընդոտ է և՛ քննությունների, և՛ արդարադատության իրականացման համար: Սա էլ մեր հետազոտություններն են ցույց տալիս: Կես տարի առաջ տեղի ունեցած մեկ այլ համանման դեպքով հաղորդեցին, որ փորձաքննությունը դեռ չի ավարտվել: Ի՞նչն է խանգարում դիմել օտարերկրյա փորձաքննությունների, հրավիրել մասնագետների, փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման համակարգը վերանայել, որ բավարար քանակությամբ փորձաքննություն իրականացնող անհատներ ու կազմակերպություններ լինեն, որպեսզի գործերը չկաշկանդվեն ժամանակի իմաստով, չքաշքվեն, ինչը չհարուցի հանրային դժգոհություն», - նշեց Բարսեղյանը:

«Այս դեպքում խայտառակ մեծ ողբերգություն է տեղի ունեցել, այդ մարդիկ փաստորեն պիտի նստեն երևի մի կես տարի սպասեն, որ փորձաքննությունը ինչ-որ բան ապացուցի՝ քիմիական, չգիտեմ, և այլն, և այլն: Դրանք արդարացումներ են ընդամենը, իրական պատճառ չեն», - ընդգծեց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG