Մատչելիության հղումներ

«Քաղաքական հետապնդում է Չարչյանին ու Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելը». Արծվիկ Մինասյան


Իշխող ուժի քվեարկությամբ Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Երեկ էլ իշխանականները համաձայնություն տվեցին, որ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվի:

«Սա քաղաքական հետապնդման վառ օրինակ է», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Արմեն Չարչյան
Արմեն Չարչյան

Գլխավոր դատախազի ձևակերպումներն էլ վկայում էին, որ քաղաքական հաշվերհարդար են այս գործերը, պնդեց է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Պատգամավորի տպավորությամբ՝ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում մեղադրական եզրակացություններ էր ընթերցում, ոչ թե միջնորդություններ։

«Ատելությունը, չարությունը, հիշաչարությունը, վրեժխնդրությունը քաղաքական դաշտում անպայման և ամեն գնով պատժելու մոլուցքը այս մարդկանց տարել է նաև նվազագույն մարդկային արժեքային համակարգի ոչնչացմանը», - ասաց Մինասյանը:

Այսուհետ քննչական մարմինը պատգամավոր Չարչյանին կկարողանա մեղադրանք առաջադրել: Ըստ քրեական գործի, «Իզմիրլյան» կենտրոնի նախկին տնօրեն Չարչյանը այն հանձնաժողովում է եղել, որը 2017 թվականին կեղծ բժշկական եզրակացություն է տվել «Սասնա ծռերի» գործով անցնող մեղադրյալ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին։

«Ուղիղ վեց տարի առաջ այս օրը տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացություն», - հայտարարեց դատախազը:

Քրեական գործով՝ հանգուցյալ Արթուր Սարգսյանը տառապել է Բեխտերևի հիվանդության ծանր աստիճանով, որն անհամատեղելի էր կալանքի հետ։ Կրկնակի փորձաքննություն է նշանակվել, որ ախտորոշումը հաստատվի, հանձնաժողովը պահանջել է, որ ներկայանա Սարգսյանն ու հետազոտվի, նա հրաժարվել է։ Իսկ փորձագիտական խումբը նրա առողջական վիճակի մասին եզրակացություն է տվել միայն բժշկական փաստաթղթերի հիման վրա, և ըստ դրա՝ Բեխտերևի հիվանդությունն այն աստիճանի ծանր չի եղել, որ կալանքից ազատվի։

«Փորձագետները պատասխանել են, ոչ, չի տառապում այդ հիվանդությամբ, բայց իրենք իսկ ընդունում են, որ իրենք չեն ունեցել բավարար ելակետային տվյալներ, այստեղ է փորձագետներին մեղսագրվող արարքը», - ընդգծեց Աննա Վարդապետյանը:

Աննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ «փորձում են մանիպուլյացիայի տեսքով բերել, թե, իբր, այդ եզրակացությունն է հիմք հանդիսացել, որ Արթուր Սարգսյանին կալանավորել են». - «Իսկ Արթուր Սարգսյանին կալանավորել են խափանման միջոցի կանոնները խախտելու հիմքով»:

Նրա մահվան պատճառն էլ սա չի եղել, հակադարձում է Արծվիկ Մինասյանը։ Նա մահացել է կալանավայրից դուրս, ազատության մեջ: Գլխավոր դատախազն էլ Ազգային ժողովում շեշտեց, որ փորձագիտական խմբի անդամներին, այդ թվում՝ Չարյանին մեղադրյալի մահը չի մեղսագրվում։

«Մենք փորձագետներին պատվեր չենք մեղսագրում, մենք փորձագետներին մահը չենք մեղսագրում, ասում ենք, որ քո եզրակացությունը, դու քո խոսում և՛ գրավոր, և՛ բանավոր ասում ես, որ երկու ելակետ է պետք, բայց վերջնական հաստատուն պատասխ են տալիս՝ ընդամենը ելակետերի կեսն ունենալով», - ասաց Աննա Վարդապետյանը:

Արմեն Չարչյանը չի ցանկանում խոսել իր դեմ սկսված գործընթացի մասին։ Եթե նույնիսկ պարզվի, որ մեղավոր է, չի ազատազրկվի գործի վաղեմության ժամկետի հիմքով։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ կարող էր իրեն վերաբերվող մեկ գործով համաձայնել վաղեմության ժամկետով կարճել այն, բայց հրաժարվել է։ Երկու քրեական գործերով դեռ հստակ չէ՝ վաղեմության ժամկետը կգործի, թե նրան, այնուամենայնիվ, սպառնում է պատժի հեռանկարը։

Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան

«Մեղադրանքների մասով կարող եմ ասել, որ դրանք անհիմն մեղադրանքներ են, շինծու մեղադրանքներ են», - ասաց ​Օհանյանի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը:

Նա ծանոթանում է նյութերին, ենթադրում է, որ վաղեմության ժամկետը բոլոր գործերով կարող է լինել, հստակ կասի ավելի ուշ. - «Ըստ էության երեք գործերով էլ պետք է անցած լինեն ժամկետները»:

Երեք քրեական գործերն էլ պաշտպանության նախարարի պաշտոնավարման ժամանակահատվածին են վերաբերվում, մեկը անպիտան հրթիռների հարցով է, որ կալանավորված է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Մյուս երկուսը նախարարության պատկանող շինությունների վաճառքն է, որով պետության վնաս է պատճառվել։

XS
SM
MD
LG