Գլխավոր դատախազն այսօր խորհրդարան էր եկել՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և նրա թիմակցին՝ Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով։
«Այս գործերը վաղուց էին կարվել, սակայն միջնորդությունը հիմա ներկայացրին, որ Վարդենիսում այրված մեր տղաների ձայները խլացնեն: Թող քվեարկեն ու զրկեն, մենք քննությունից չենք խուսափում, թող համարեն՝ ես և պրոֆեսոր Չարչյանը կողմ ենք քվեարկում քրեական հետապնդում սկսելու որոշմանը՝ ամբողջությամբ կեղծ որակելով միջնորդագրերում ներկայացված հիմնավորումները», - երեկ տեսաուղերձում նշել էր Սեյրան Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու երեք միջնորդություն պետք է ներկայացնի դատախազը։ Այսօր խորհրդարանի դահլիճում մեկը քննարկվեց, մյուսը՝ փակ նիստում։ Անպիտան հրթիռների գործին է վերաբերում, որով կալանավորված է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Երրորդն այլ գործով է, վաղը կներկայացնի։
«Հանդիսանալով պաշտոնատար անձ՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ», - ասաց Աննա Վարդապետյանը:
Ըստ Աննա Վարդապետյանի՝ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք Պաշտպանության նախարարության գործող երկու հատուկ նշանակության հողամասեր զորանոցով, կից այլ շինություններով վաճառվել են կադաստրային արժեքից մի քանի անգամ ցածր գնով. «Անգամ եթե այստեղ գումարային տարբերություն չլիներ, ի սկզբանե գույքն անօտարելի էր»:
Վաճառված հողատարածքներն Արարատի մարզի Արմաշ համայնքում են, շինություններից մեկը փաստացի վաճառվել է զորամասերից մեկի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին չորս միլիոն դրամով, իսկ նա բանկում գրավադրել է 18 միլիոնով։ Գրիգորի Խաչատուրովը գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է։
«Ունե՞ք տեղեկություն՝ այդ 18 միլիոն դրամն ուր է գնացել, որպես այդպիսին ինչի վրա է ծախսվել», - հարցրեցին պատգամավորները:
«Ցավոք սրտի, ոչ, այդ մասով մենք դեռ քննություն ունենք անելու արդեն Գրիգորի Խաչատուրովի մասով», - պատասխանեց դատախազը:
Երկորդ հողատարածքը վաճառվել է Պաշտպանության նախարարության պաշտոնյայի հետ փոխկապակցված անձի՝ Նորայր Կարապետյանին։ Մոտ 8 միլիոն դրամ արժողությամբ գույքը՝ ընդամենը 2 միլիոնով։
«Փորձեր եղել են հիմնավորելու, որ ծախսատար էր, մեզ այդքան մեծ տարածք անհրաժեշտ չէր, մենք այդքան նաև միավորներ չունեինք զինվորական՝ տեղավորելու համար այդ զորամասերում, բայց դրանք որևէ փաստաթղթային հիմնավորումներ նախաքննությունը չի հայտնաբերել, և նախաքննությանը չեն էլ ներկայացվել», - ասաց Վարդապետյանը:
«Հայաստան» խմբակցությունը նիստին չէր մասնակցում։ Նախօրեին Սեյրան Օհանյանը տեսաուղերձով էր անդրադարձել իր և Չարյանի դեմ սկսված գործընթացին։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ վաղեմության ժամկետի հիմքով գործը կարճելու առաջարկներ են ստացել իրավապահներից, բայց ինքն ու Չարյչանը չեն համաձայնել։ Եթե համաձայնեին, գլխավոր դատախազն այսօր խորհրդարանում չէր լինի. «Սակայն մենք չենք համաձայնել, որովհետև վստահ ենք մեզ վրա, մենք հանցանք չենք գործել, ներկայացված որևէ գործարքում որևէ մեկի հետ հանցավոր համաձայնությունների մենք չենք եկել: Շուտով հանրությունն էլ կհամոզվի դրանում», - հավելել էր Օհանյանը:
Դահլիճում ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ն էր, բայց պատգամավորները հարցեր չունեին գլխավոր դատախազին։ Իսկ իշխանականներին հետաքրքրում էր՝ կպատժվի՞ արդյոք Սեյրան Օհանյանը։
«Ո՞նց է այդ պահին իրականացվում արդարատությունը դատավճռից հետո: Եթե դատարանը, օրինակ, դատապարտեց որևէ պատժի, ի՞նչ է տեղի ունենում այդ պահից հետո՝ հաշվի առնելով բողոքարկումների, վաղեմության ժամկետը», - հարցրեց Գուրգեն Արսենյանը:
Եթե նույնիսկ անձեռնմխելիությունից զրկեն ու մեղադրանք առաջադրեն Օհանյանին, միևնույն է՝ նա չի պատժվի։ Գլխավոր դատախազը բացատրեց, թե գործի վաղեմության ժամկետից ելնելով՝ չի ազատազրկվի, միայն նյութական վնասի փոխհատուցման պահանջ կլինի. «Դատախազությունը գոնե ակնկալում է, որ այդ գույքը պետք է վերադարձվի ազգային հարստություն հաշտության բալանս»:
Իշխող թիմի պատգամավորներին խիստ զարմացրել էր, որ զորամաս է վաճառվել։ Հարցնում էին ՝գործո՞ղ է, թե՞ չէ։ Գլխավոր դատախազն ասաց՝ ըստ ցուցմունքների անպիտան տարածքներ են եղել։
Չգործող զորամասեր Փաշինյանի իշխանության օրոք էլ են վաճառվում, արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, լրագրողների հետ զրույցում հակադարձեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը. «Հիմա հրապարակեմ 71 գույք զորամասի անուն, ասե՞մ՝ Սուրեն Պապիկյանը վաճառել է: Պաշտպանության նախարարությունը քանի որ չգործող զորամաս էր, նպատակահարմար չի համարում իր հաշվեկշռում հոսանքի ծախսի, պահակ պահի, բազմաթիվ այլ հարցեր, դրա համար տալիս են սեփականաշնորհման, օտարման: Դատախազը կգա, Սուրեն Պապիկյանին կգամի՞ անարգանքի սյունին Նիկոլ Փաշինյանի հետ, ասի՝ Արշակունյաց պողոտայի վրա ստալիչնի պոլկը վաճառել են, որն անարդար է»:
Օհանյանի հարցով նիստը կշարունակվի վաղը։ Հետո կանցնեն Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին։ Ըստ դատախազության՝ բժիշկ Չարչյանը 2017 թվականին ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն է ներկայացրել։
Դատախազությունը պատգամավորներին մեղադրանք առաջադրելու հնարավորություն կստանա, եթե քվեարկությանը մասնակցի առնվազն 54 պատգամավոր, ու նրանցից 28-ը կողմ լինեն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» 71 պատգամավոր ունի։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց՝ բոլոր միջնորդությունները լսելուց հետո կորոշեն։