Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբանը այսօր միջնորդել է հրատապ դատական նիստ հրավիրել և Չարչյանին գրավով ազատ արձակելու հարցը քննարկել՝ նվազագույն շեմն առաջարկելով 20 մլն դրամը։
Պատճառը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին ղեկավարի առողջական վիճակն է, որ փաստաբանի փոխանցմամբ, կտրուկ վատացել է։
Դատախազության բողոքարկումից հետո անցած շաբաթ երկրորդ անգամ կալանավորվելուց մեկ օր անց ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող Չարչյանը տեղափոխվել էր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն։ Փաստաբանի փոխանցմամբ՝ պրոֆեսորը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել է դեռ քրեակատարողական հիմնարկում։ Նրա մոտ ախտորոշվել են նաև ծանր շաքարային դիաբետ, խրոնիկ երիկամային անբավարարություն։
Էրիկ Ալեքսանյանն ասում է՝ Չարչյանին կալանքի տակ պահելը չի բխում անձնական ազատության իրավունքի բուն էությունից և իր մեջ պարունակում է խոշտանգման տարրեր:
«Պարոն Չարչյանն ունի շաքարային դիաբետ և երեկ ես ստացել եմ համապատասխան էպիկրիզ, որտեղ ախտորոշված է հստակ, որ ունի շաքարային դիաբետ՝ 2-րդ աստիճանի, նաև ամսի 24-ին պարոն Չարչյանը տարել է սուր ինֆարկտ: Նման պայմաններում, համեմատելով կառավարության 825Մ որոշման հետո, որտեղ սահմանված են կալանավորման և պատիժը կրելու հետ կապված անհամատեղելիության հիվանդության ցանկը, այդ հիվանդության տեսակը, մասնավորապես, շաքարային դիաբետի 2-րդ աստիճանը, հանդիսանում է կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն, հետևաբար նման պայմաններում պարոն Չարչյանը չի կարող գտնվել կալանքի տակ», - նշեց փաստաբանը:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի փոխանցմամբ՝ Չարչյանի առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, անհրաժեշտ է, որ նա գտնվի բժիշկների հսկողության ներքո և ստանա ստացիոնար բուժում։
«Շաքարային դիաբետ ախտորոշել է էնդոկրինոլոգը, որը երկար տարիներ հետևում է պացիենտին, այո, շաքարային դիաբետ պացիենտն ունի, ինսուլին կախյալ, 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունի: Մենք պացիենտին պահում ենք մեր մոտ հսկողության տակ՝ կապված իր մոտ կատարած միջամտության հետ և տարած սրտամկանի ինֆարկտի հետ: Այս պահին համենայն դեպս ստացիոնարի կարիք ունի պացիենտը, միանշանակ», - ասաց Ադամյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կազմում պատգամավորի մանդատ ստանալուց առաջ 61-ամյա պրոֆեսորը մեղադրվեց իր ղեկավարած հիվանդանոցի աշխատակիցներին հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում:
Կալանավորվելուց առաջ Չարչյանն «Ազատության» հետ զրույցում իրեն կալանավորելու որոշումը քաղաքական էր որակել. «Իմ գնահատմամբ` լրիվ nonsense, լրիվ ոչ իրավաչափ որոշում էր, իմ գնահատմամբ` դա, թերևս քաղաքական, իմ քաղաքական հայացքներից, իմ քաղաքացիական հայացքներից ելնելով: Այստեղ գերակշռեց ոչ թե իրավաբանությունը, այստեղ իրավաբանությունը ոտնակոխ արվեց, զոհ տրվեց իրավաբանությունը քաղաքացիական ամբիցիաներին, ինչ-որ մարդկանց ցանկություններին»։
Իրավապահները, սակայն, մատնացույց էին անում նրա մասնակցությամբ ձայնագրությունը, որը նրանք որակել էին որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտում։ Պրոֆեսորը ձայնագրությունում իր ղեկավարած հիվանդանոցի աշխատակիցներին ասում էր, որ ինքը «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում է և խնդրում է անպայման մասնակցել ընտրություններին։ Լսվում է նաև, թե ինչպես է նա զգուշացնում, որ ընտրություններից հետո կկարողանա իմանալ՝ ով է մասնակցել քվեարկությանը, ով՝ ոչ։
Արմեն Չարչյանին մեղսագրվող հոդվածով նախատեսվում է չորսից յոթ տարի ժամկետով ազատազրկում։
Պատգամավորի մանդատը ստանալուց հետ անձեռնմխելիություն ունեցող Չարչյանը պնդել էր, որ ինքը չի կարող կալանավորվել։ Պաշտպանական կողմի պնդմամբ՝ պատգամավորական անձեռնմխելիությամբ օժտված Չարչյանին ազատությունից զրկելու համար դատախազությունը պետք է դիմի խորհրդարան, հակառակ դեպքում կստացվի, որ քրեակատարողական հիմնարկը հանցագործություն է կատարում՝ ընդունելով անձեռնմխելի համարվող պատգամավորին։ Գլխավոր դատախազությունից հակադարձում են՝ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել, երբ նա պատգամավոր չէր, հետևաբար, ըստ դատախազության, չուներ անձեռնմխելիություն։