Մատչելիության հղումներ

Դատախազությունը Արմեն Չարչյանի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով


Գլխավոր դատախազությունը ցանկանում է մեղադրանք առաջադրել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ևս մեկ պատգամավորի, այս անգամ՝ Արմեն Չարչյանին։ Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ քրեական գործն առնչվում է Չարչյանի բժշկական գործունեությանը: Ինքը՝ պատգամավորն այսօր հրաժարվեց մեկնաբանություններից։

«Նո քոմենթ, ես ոչ մի ինֆորմացիա չունեմ, ինձ որևէ մեկը որևէ բան չի ասել, դրա համար չեմ կարող ոչինչ ասել», - նշեց Չարչյանը:

Քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն Ազգային ժողովը պետք է տա։

Անցած շաբաթ գլխավոր դատախազը նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ էր նման միջնորդագիր ներկայացրել։

Ազգային ժողովի կայքում հրապարակված միջնորդագրում նշվում է, որ Չարչյանը քրեական գործով, որպես փորձագետ, ընդգրկված է եղել Արթուր Սարգսյանի մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում և 2017 թվականի փետրվարին ստորագրել է փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը: Թեև գերատեսչությունը չի հստակեցնում՝ ո՞վ է Արթուր Սարգսյանը, փաստաթղթի նկարագրություններից պարզ է դառնում, որ խոսքը «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» մասին է։ Սարգսյանը մահացել է 2017 թվականի մարտին՝ շուրջ մեկամսյա կալանքից հետո։

«ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում կրկնակի հանձնաժողովային փորձաքննության ընթացքում ներկայացված փաստաթղթերի և մյուս նյութերի տվյալներով հնարավոր էր որոշել Արթուր Սարգսյանի մոտ եղած «Բեխտերև» հիվանդության պրոգրեսիվ և ծանր ընթացքը», - ասված է միջնորդագրում։

Շեշտվում է, որ հիվանդության նման ընթացքը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին։

Մինչդեռ, ըստ դատախազության, նախաքննության ընթացքում Արմեն Չարչյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից հնարավոր չի եղել գալ եզրահանգման, որ «Հաց բերողի» մոտ առկա «Բեխտերևի» հիվանդությունը չի ունեցել ծանր պրոգրեսիվ ընթացք։

«Ցանկացած անձի կարող են մեղադրանք ներկայացնել, ցանկացած հերյուրանք կարող են տարածել», - նշեց «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը:

«Հայաստան» խմբակցությունից Չարչյանի նկատմամբ սկսված գործընթացը քաղաքական հետապնդում են համարում։ Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ իշխանությունը հասարակության ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու նպատակով է նման քայլի գնում. - «Ինչո՞ւ, օրինակ, նույն Սեյրան Օհանյանի վերաբերյալ այդքան բազմաթիվ քրեական գործերի շրջանակներում կասկածների առկայության ժամանակ..... հանկարծ հիմա այդ հայտնի ողբերգության դեպքից հետո և Լաչինի միջանցքի այս ծանր պայմանների ժամանակ որոշվեց դա ուղարկել, նույնը վերաբերում է Արմեն Չարչյանին: Արմեն Չարչյանը, որ առաջին պատերազմի ժամանակ առաջին գծում եղել է այն բժիշկներից, որոնք կարողացել են հայրենիքի համար մարտնչող անձանց կյանքը փրկել»:

Չարչյանի միջնորդագիրը միայն մեկ դրվագով է, իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանինը՝ երեք։ Մի գործով, ըստ դատախազության, փաստեր ունեն, որ Օհանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել։ Մյուս երկու գործերով, որ նախկին նախարարը վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք է հափշտակել։ Օհանյանը ևս սա քաղաքական հետապնդում է որակել ու պատահական չի համարել ընտրված ժամանակը։

Իշխանական պատգամավորները խուսափում են ասել՝ համաձայնելո՞ւ են, որ իրենց ընդդիմադիր գործընկերները զրկվեն պատգամավորական անձեռնմխելիությունից։

Ե՛վ Օհանյանի, և՛ Չարչյանի հարցը կքննարկվի փետրվարի 7-ին մեկնարկող հերթական նիստի ընթացքում։ Դատախազությունը պատգամավորներին մեղադրանք առաջադրելու հնարավորություն կստանա, եթե քվեարկությանը մասնակցի առնվազն 54 պատգամավոր ու նրանցից 28-ը կողմ լինի։ Իր դիրքորոշումը չբացահայտող իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» 71 պատգամավոր ունի:

XS
SM
MD
LG